Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոն-Մոսկվա. նոր մրցակցություն, թե պայմանավորվածություն Ղարաբաղում. «Ժամանակ»

Ապրիլ 07,2016 09:44

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 6-ին հայտարարել էր, որ ապրիլի 2-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի կրակի դադարեցման մասին համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերի հանդիպման միջոցով: Այսպիսով, արձանագրվում է, որ կրակի դադարեցման մասին կողմերը պայմանավորվել են Մոսկվայի միջնորդությամբ, իսկ ինչն ավելի հավանական է՝ պատրոնաժությամբ:

Դրանից առաջ հայտնի էր, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև: Այդ հեռախոսազրույցի ընթացքում, բնականաբար, դատապարտվել էր իրավիճակի սրումն ու կոչ էր հնչել կողմերին դադարեցնել կրակը, սակայն ամենաուշագրավն այն էր, որ կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նաև բացասական էին գնահատել իրավիճակին միջամտելու «երրորդ կողմերի» փորձերը: Սա շատ ուշագրավ դիտարկում էր, որը հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը Թուրքիայի մասին է: Համենայնդեպս, դժվար է արձանագրել որևէ այլ երրորդ կողմ, որը փորձում է միջամտել: Թեև այստեղ ավելի էական է հենց ինքնին «երրորդ կողմի» միջամտության բացառման մասին ակնարկը, իսկ թե ով է այդ երրորդ կողմը՝ որոշակի ասպեկտում գուցե կարևոր էլ չէ:

Լավրովի և Քերիի հեռախոսազրույցի այդ ասպեկտը մնաց որոշակիորեն անուշադրության մատնված, մինչդեռ չի բացառվում, նույնիսկ շատ հավանական է, որ իրավիճակի հետագա զարգացման առումով հենց դա էր ունեցել որոշակի նշանակություն: Հեռախոսազրույցի այդ ասպեկտն, ըստ էության, ակնարկ էր այն մասին, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվում են ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրենց գերակայության շուրջ: Իհարկե, հարց է առաջանում, թե խաղի ի՞նչ կանոններով, արդյո՞ք այստեղ փոփոխություններ նախանշվում են, նոր մոտեցումներ առկա են, թե՞ ոչ, արդյոք ի՞նչ փոխհարաբերությամբ են շարունակում գերակայությունը, սակայն ակնհայտ է, որ նրանք կարծես թե հրապարակավ հայտարարեցին այն, որ պայմանավորվել են չզիջել դիրքը:

Եվ ահա դրանից հետո Ռուսաստանն անցնում է արդեն կրակի դադարեցման ավելի գործնական կամ կոնկրետ քայլերի: Գրեթե կասկածից վեր է, որ Մոսկվան այդ քայլերի անցնում է Վաշինգտոնի հետ որոշակի համաձայնություններից հետո: Պատահական չէ, որ ներկայումս Մոսկվայի ակտիվության ֆոնին բավական հարաբերական զսպվածություն է առկա Վաշինգտոնի պահվածքում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել փոխադարձ ինչ-որ պայմանավորվածությամբ գործողությունների: Այսինքն՝ ավելի հավանական է, որ այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ընդհանուր պատրոնաժության կամ այսպես ասած՝ մրցավարության համար Վաշինգտոնի և Մոսկվայի միջև մրցակցության կամ պայքարի նոր թափով բռնկմանը, այլ որոշակի փոխհամաձայնեցված քայլերին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930