Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Այցի հիմնական նպատակը վերջին շրջանում սրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր, որի վերաբերյալ մի շարք հարցեր են քննարկվել Ադրբեջանի ղեակավարության հետ։ Այս մասին տեղեկացնում է интерфакс-ը։
ՌԴ ԱԳ նախարարը Ադրբեջանի ղեկավարությանն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը և մտադիր է քաղաքական լուծումներ առաջարկել՝ հակամարտության կարգավորման համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ընթացքում Լավրովն ասել է. «Անհրաժեշտ է քաղաքական նախադրյալներ ստեղծել՝ հակամարտության լուծման համար։ Շատ կարևոր է վստահության տարրը»։
Լավրովը տեղեկացրել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հանդես գալ որոշ նախաձեռնություններով։ Համանախագահներն արդեն ժամանել էին Բաքու, այսօր էլ սպասվում է նրանց այցելությունը հակամարտ ուժերի շփման գոտի, այնուհետև էլ Երևան։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ այս պահին ամենակարևորը հակամարտության գոտում իրավիճակի հանդարտեցումն է։