Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Ի՞նչ կարծիքի եք՝ ալիեւյան կլանի կողմից պատերազմի հրահրումը արդյոք երկրի տնտեսական խորը ճգնաժամի հետեւանք չէ՞ր:
-Իհարկե, դա ունի առանցքային ազդեցություն: Նախ ասեմ, որ Ադրբեջանն այս պատերազմին գնաց Թուրքիայի հետ եղբայրական խաղերի հետեւանքով, Ալիեւն ուղղակիորեն ունեցավ իրականության օբյեկտիվ գնահատման կորուստ:
Իսկ տնտեսական վիճակը ներկայացնեմ թվերով: 2014-ի կեսերից նավթի գներն սկսեցին անկում ապրել, սեպտեմբեր ամսին պատկերն այսպիսին էր. մեկ բարելի գինը 115 դոլար էր, 2015-ին հասավ մինչեւ 37 դոլարի, իսկ 2016-ի հունվարին՝ նույնիսկ 28-ի: Այժմ փոքր-ինչ կայունություն կա` մեկ բարելի գինը 38 դոլար է:
Կարդացեք նաև
Տեսեք, Ադրբեջանի արտահանման մոտ 80 տոկոսը հում նավթն է, 7 տոկոսը՝ նավթամթերքը եւ 3 տոկոսը՝ գազը։ Գումարային առումով կազմում է արտահանման 90 տոկոսը: Բյուջեի 90 տոկոսը նավթամթերքի վաճառքից ստացված եկամուտներն են: Բնականաբար նավթի գների նվազմամբ էապես պետք է նվազեին նաեւ երկրի եկամուտները: Եվ այդպես էլ տեղի ունեցավ, արձանագրվեց դրանց գրեթե երեք անգամ նվազում:
Բայց քանի որ Ադրբեջանը բռնապետական պետություն է եւ մեծ դեր է տալիս ներքին քարոզչությանը, իշխանությունը հայտարարեց, թե դա որեւէ ազդեցություն չունի ադրբեջանական փոխարժեքի` մանաթի վրա: Մանաթն ավելի կայուն էր, քան եվրոն: Մինչդեռ պարզվեց, որ դա կատարվում է հիմնականում միջազգային պահուստների հաշվին: Այսպես. 2015-ի ընթացքում նրանց Կենտրոնական բանկի արտարժութային պահուստները 13 միլիարդից հասան 5 միլիարդի, այսինքն` կրճատվեցին 63 տոկոսով: Սա այն գինն էր, որ Ադրբեջանը վճարեց փոխարժեքը կայուն պահելու համար:
Հետեւանքն այս է` 2015-ի փետրվարի 25-ին մեկ օրում գրանցվեց այսպիսի պատկեր. 1 մանաթը 0,78 դոլարից հասավ մինչեւ 1,05-ի, իսկ դեկտեմբերի 23-ին` 1,55-ի: Բայց ամեն ինչ այսքանով չավարտվեց: Այս տարվա հունվար ամսին Ադրբեջանի Կենտրոնական բանկը արգելեց տարադրամի ազատ վաճառքն ու որոշակի սահմանափակումներ մտցրեց արտարժույթի արտահանման հարցում: Այդ ընթացքում «Ռոյթեր» գործակալությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի սեւ շուկայում դոլարը վաճառվում էր անգամ 4 մանաթով: Պատկերացրեք, թե ի՞նչ իրավիճակ է այդ երկրում:
Ու քանի որ Ադրբեջանում առաջին անհրաժեշտության ապրանքները հիմնականում ներմուծվում են, այս փոփոխությունները հանգեցրին նաեւ դրանց գների կտրուկ աճին:
Այսպիսով, վերլուծելով ողջ զարգացումը, նկատում ենք, որ 2014թ. կեսից սկսած Ադրբեջանում եկամուտները գրեթե երեք անգամ կրճատվել են, աճել են ապրանքների գները, մինչդեռ աշխատավարձերը արտարժույթով, ըստ իրենց պաշտոնական տեղեկատվության, 30 տոկոսով նվազել են: Ի դեպ, փորձ արվեց վարչական մեթոդներով զսպել գների աճը, բայց սա էլ առաջացրեց ներմուծողների դժգոհությունը:
Այս ամենին զուգահեռ կտրուկ աճեցին ապրանքների գները, եւ սա բերեց ժողովրդի լուրջ դժգոհությունը, հանգեցրեց բողոքի ցույցերի, որոնք ալիեւյան վարչախմբի կողմից ճնշվեցին բավական կոշտ մեթոդներով: Սա է նրանց գործելաոճը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում