Ակնհայտ է, որ հայությունը, հատկապես Հայաստանում, բնականաբար՝ ներառյալ Արցախում, այս օրերին բարոյահոգեբանական մեծ վերելքի մեջ է: Այն աստիճան, որ միգուցե ինչ-որ տեղ ինքներս էլ մեր միահամուռ արձագանքից զարմացած ենք:
Թող որ ոմանք դա կոչեն էյֆորիա, չնայած, մենք, օրինակ, համամիտ չենք նման բնորոշմանը: Հնարավոր է, որ հասարակության տարբեր խմբերում կամ առանձին շրջանակներում կան ինչ-ինչ էյֆորիկ տրամադրություններ, սակայն մեծ ընդգրկմամբ, սա հենց վերելք է, եթե կուզեք՝ զարթոնք:
Այն, ինչ կատարվեց ու դիտարկում ենք այս օրերին, այն, թե Հայաստանում եւ Արցախում ժողովուրդը, քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական ու այլեւայլ հայացքներից, անկախ սեռից ու տարիքից, անկախ ազգային պատկանելությունից, ինչպես արձագանքեցին ադրբեջանական արկածախնդիր ու հակամարդկային ռեժիմի սանձազերծած ագրեսիային, իսկապես անակնկալ էր շատերի համար:
Առաջին հերթին նման միահամուռ եւ պատրաստակամ արձագանքը, սեփական բանակի, երկրի պաշտպան զինվորի կողքին կանգնելու ընդգրկուն այս կամավոր մղումը անակնկալ էր մեր թշնամու եւ թշնամիների համար: Ինքնին հասկանալի է, որ այս տարիներին հակառակորդը հետախուզել ու զննել է ոչ միայն մեր պաշտպանական դիրքերը, հնարավորությունները, այլեւ մեր ներքաղաքական իրավիճակը, ներհասարակական միջավայրը:
Կարդացեք նաև
Ի վերջո, Հայաստանը բաց հասարակությամբ երկիր է, եւ պետության, ժողովրդի խնդիրները ազատորեն լուսաբանվում ու քննարկվում են բոլորին, այդ թվում, ի դեպ՝ թշնամիներին հասանելի տեղեկատվական, սոցցանցային հարթակներում:
Կարճ ասած, թշնամին անտեղյակ չէ նաեւ մեր քաղաքական, սոցիալական, հասարակական տրամադրություններից, խնդիրներից, որոնք շատ-շատ են: Մենք էլ, իհարկե, հնարավորինս տեղյակ ենք թշնամական երկրի նույնպիսի խնդիրներին:
Ողջ հարցն այն է, սակայն, որ ալիեւյան հանցագործ կլանը, ձեռնարկելով ու ծրագրելով այս ընդգրկուն ագրեսիան, ակնհայտորեն ինչ-ինչ հաշվարկներ կառուցել էր նաեւ իրական պատերազմական իրավիճակին Հայաստանի հասարակության, քաղաքացիների հնարավոր արձագանքների առումով:
Դժվար չէ նկատել, որ Արցախին սպառնացող իրական վտանգին մեր ժողովրդի արձագանքն ու պատերազմական վիճակում դրսեւորած վարքը որոշակիորեն անակնկալ էր նաեւ հենց մեր որոշ պետական ու քաղաքական գործիչների համար:
Գուցե սա մի ինչ-որ ֆենոմենալ դրսեւորում է, ինչպես համարում են առանձին վերլուծողներ: Չենք վիճի՝ միգուցե հենց ֆենոմենալ է: Անգամ արդեն տարբեր կատակային դիտարկումներ են շրջանառվում, որոնցից ամենադիպուկը թերեւս սա է. «Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղից խաղաղ ժամանակ արտագաղթում են, իսկ պատերազմի ժամանակ ներգաղթում…»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում