Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված Հայկ Թորոյանի մայր. «Աստված ջան, թող ես լինեմ վերջինը, թող ոչ մի մայր չտեսնի նման վիշտ»

Ապրիլ 06,2016 23:30

Այսօր, Մալաթիա-Սեբաստիայի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մայոր Հայկ Թորոյանի հոգեհանգիստը: Հայկը օրերս զոհվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ` Մատաղիսը պաշտպանելիս:
Այսօր եկեղեցին ու նրա բակը մարդաշատ էր. Հայկին հրաժեշտ տալու էին եկել   նրա հարազատները, ընկերներն ու պաշտոնյաներ, նույնիսկ անծանոթ մարդիկ էին եկել:

1 2 3 9

Եկեղեցու բակում հանդիպեցինք փոքրիկ Աննային. նա պատմեց, որ տատիկի հետ եկել, տատիկը ներս էր մտել եկեղեցի, ինքն էլ բակում կանգնած էր հրաժեշտ տալիս: «Եկել եմ շնորհակալություն ասեմ, մեզ համար է զոհվել»,-ասաց Աննան:

Հայկի մորաքույրը Aravot.am-ին պատմեց Հայկի մասին. «Եթե մարդ 28 տարեկանում արդեն հասնում է մայորի աստիճանի, դա իր մասին ամեն ինչ ասում է: Այդ սգի մեջ քույրս ասում է` «Աստված ջան, թող ես լինեմ վերջինը, թող ոչ մի մայր չտեսնի նման վիշտ»:

Մորաքույրը ժպտալով հիշեց Հայկի՝ Արցախից հեռախոսազանգերն ու Արցախի բարբառով խոսելը՝ «մոքի՞ր». «Մեր արմատները Արցախից են, ես ու Հայկի մաման ղարաբաղցի ենք: Հայկս գալիս, ասում էր՝ «ի՞նչ համով բաներ ես սարքել»: Մի անգամ էլ «փախլավա» էի թխում, եկավ ասեց՝ «վա~յ մորքուր ջան, էս փախլավան ուտել կլինի՞, որ էսքան տանջվում ես»: Ամեն անգամ «փախլավա» թխելուց հիշում եմ»:

Հայկն արդեն 9 տարի է՝ Արցախում էր ծառայում, եւ, ըստ մորաքրոջ, շուտով պետք է տեղափոխվեր Հայաստան:

Մայոր Հայկի ուսանողական ընկերն էլ պատմեց, որ Հայկը իսկապես մեր հայրենիքին արժանի սպա է, արժանի զավակ. «Մեծ, ծանր վիշտ եմ զգում, չեմ էլ պատկերացնում, որ ֆիզիկապես մեր կողքին չէ: Մեծ կորուստ է ե՛ւ իր ընկերների, ե՛ւ հայրենիքի համար»: Ընկերոջ խոսքերով`«Հայկը զոհվելիս` զենք տեղափոխելու ճանապարհին, ահռելի մեծ թվով հակառակորդի ուժերի է դիմակայել եւ հայտնվել փակուղու մեջ»:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում միասին սովորած Հայկի ընկերները մեզ հետ զրույցում հիշեցին, որ ամեն շաբաթ-կիրակի, երբ թերանում էին, լավ չէին սովորում՝ տուն չէին թողնում գնային, իսկ Հայկը լավ էր սովորում եւ իրենց էլ ամեն հարցում օգնում էր: «Եղել ա, որ քննություններին մեզ օգնում էր, մենք ավելի բարձր գնահատական էինք ստանում, քան ինքը, չնայած նա միշտ փայլել է մեծ պատասխանատվությամբ, մեծ առաջադիմությամբ, գիտելիքների մեծ պաշարով»,-հիշում են ընկերները:

Նրանք պատմեցին, երբ ուզում էին Հայկի «հոգու հետ խաղալ», նրա Թորոյան ազգանունը կրճատում ասում էին՝ Թորիկ. «Կենսախինդ, ուրախ, ոչ մի բանից չընկճվող տղա էր: Ես շատ ծանր եմ տանում այս ամեն ինչը, ուրախ պահեր միասին շատ ենք ապրել: Մի անգամ մեզ հրաման էին տվել, որ ամենքս պիտի  խրամատ փորեր ու մեջը թաքնվեր, Հայկը չէր կարողացել փորել, տեղանքը շատ քարքարոտ էր»:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930