«Ադրբեջանը 12 տարի պատրաստվում էր սրան և ուժ էր հավաքում։ Փաստորեն 12 տարի պատրաստվում էր նրան, ինչ տեղի ունեցավ այս օրերին Մտածում էին, որ հեշտությամբ առաջ են գնալու: Այս էր իրենց ուժը»,- այսօր Ստեփանակերտում ԼՂՀ ՊԲ Օպերատիվ իրազեկման կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը:
Նա, անդրադառնալով միջազգային հանրության, ՌԴ-ի գնահատականներին, իր զարմանքն արտահայտեց. «Այդ գնահատականներում նշվում է՝ իրար վրա կրակում են: Չէ, իրար վրա չեն կրակում, իրենք են հարձակվում, և Արևմուտքը դա շատ լավ գիտի: Դուք առիթ ունեցե՞լ եք տեսնել, թե ինչպես է արբանյակային նկարահանում կատարվում»,-ասաց պարոն Մանուկյանը՝ նշելով, որ եւ Ռուսաստանը, եւ ԱՄՆ-ն ունեն արբանյակային հետախուզության հստակ տվյալներ, թե ով է առաջինը կրակել:
ՊՆ նախկին նախարարի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա քայլերը պետք է ուղղված լինեն՝ կողմերը վերադառնան իրենց դիրքերին, շարունակվեն բանակցությունները, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը արբանյակային հետախուզություն իրականացնի, որ «սրանից հետո ձև չանի, որ չգիտի, թե ով է սկսել»:
Ըստ Վազգեն Մանուկյանի. «Եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և բանակցություններն ընթանան տարածքների վերաբերյալ և ոչ թե Ղարաբաղի անկախության, արդյունքում փորձ չի լինի պատերազմով լուծել հարցը»:
Կարդացեք նաև
Պարոն Մանուկյանը նաեւ հավելեց, որ Ադրբեջանը չի կարող խնդիրը լուծել ռազմական եղանակով:
Իսկ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ ՊՆ նախկին նախարարն անընդունելի համարեց այդ քայլը. «Անթույլատրելի է կոնֆլիկտի կողմերին զենք վաճառելը: Վերջիվերջո, այդ զենքով են կրակում մեզ վրա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ