«Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ գրասենյակի միջոցով փոխանցվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ հակամարտության գծում մոնիթորինգ անցկացնելու մեր համաձայնությունը»,- հայտարարել է ԼՂ ԱԳՆ մամլո քարտուղար Անի Սարգսյանը:
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը այս մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանեց, որ սա բխում է Հայաստանի շահերից. «Մենք բոլորս տեսանք, թե ինչո՞ւ էր Ադրբեջանը այդքան դիմադրում մոնիթորինգի խմբի մեխանիզմի ստեղծմանը` միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմի հաստատմանը, որովհետեւ ապրիլի 2-ի բացահայտ ներխուժումից հետո անգամ Ադրբեջանը, այդ թվում նրան սատարող Թուրքիան փորձում էր ներկայացնել, որ հարձակվող կողմը եղել է Հայաստանը եւ որքան էլ շատ շատերի համար պարզ է այդ փաստը, այնուամենայնիվ երկու հարցադրումը կա` ո՞վ արեց սա եւ ինչո՞ւ այս պահին»:
Նրա խոսքերով` հետեւաբար մեզ համար հստակ պետք է լինի, որ Ադրբեջանը մինչ այժմ խուսափում էր այդ մեխանիզմի հաստատումից, որպեսզի խուսափի նաեւ պատասխանատվությունից: «Որպեսզի մենք դա թույլ չտանք եւ որպեսզի վաղ արձագանքման կանխարգելման հնարավորություններ լինեն, այսինք զորքերի կուտակման, տեղաշարժի, հրադադարի եւ այլնի կապակցությամբ, անշուշտ հրամայական է այդպիսի մեխանիզմի ստեղծումը: Հատկապես, երբ խոսքը վերաբերվում է հարյուրավոր կյանքերի փրկելուն, ե’ւ այս կողմից, ե’ւ այն կողմից»,-նշեց վերլուծաբանը` ավելացնելով, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Հայաստանը որեւէ շահագրգռվածություն չունեն հրադադարի ռեժիմը խախտելու, բնականաբար միանգամայն պետք է ողջունել եւ ես ողջունում եմ ԼՂ-ի պաշտոնական դիրքորոշումը այդ առումով:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ