«Սա այն դեպքն է, որ ակամայից Սարդարապատի հետ ես համեմատում: Հաղթեց հայ ժողովուրդը՝ իր ոգով և միասնականությամբ: Այն, ինչ եղավ, եղավ տղաների ոգու, գաղափարի, մարտավարական հմտությունների շնորհիվ, բայց ոչ սպառազինության: Եղավ հակառակորդի լավագույն սպառազինությամբ տգետ մասնագետների շնորհիվ: Այո, նրանք տեխնիկայի, զինամթերքի տեսանկյունից գերազանցում են մեզ, բայց մի քանի անգամ զիջում են մարդկային ռեսուրսների որակով»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ ամփոփելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցած քառօրյա մարտերի արդյունքները:
«Աննախադեպ է այն խանդավառությունը, որ կա ժողովրդի մեջ,- շարունակեց նա.- սա նման չէ Արցախյան պատերազմի ժամանակ եղած մթնոլորտին: Այն ժամանակ շատերն արտագաղթեցին: Հիմա հակառակն է. թե´ երկրի ներսում, թե´ նրա սահմաններից դուրս բազմաթիվ հայեր պատրաստակամ են մեկնել ռազմաճակատ: Հասարակության մեջ սեփական ճակատագրին տեր կանգնելու պատրաստակամություն կա: Եթե մինչև այս զարգացումները շատերը կարծում էին, որ պատերազմի դեպքում քչերը կգնան ռազմաճակատ, ապա վերջին չորս օրերը ցույց տվեցին, որ իրավիճակը բոլորովին այլ է»…
«Ամեն սերունդ պիտի գերազանցի իր նախորդին»,- Գարեգին Նժդեհի խոսքերը հիշեց Գ. Գինոսյանը և ավելացրեց. «Նոր սերունդը վաղուց գերազանցում է մեզ: Դա ոգու հրամայականն է, այլապես ազգերը կկործանվեն: Մենք կպարտվեինք, եթե նոր սերունդն ավելին չլիներ»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ