«Կարծում եմ, Վրաստանը հնարավորություն ունի դառնալ այն երկիրը, որը կկարողանա աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը` իր լուման ներդնելով այդ հարցում: Հուսով եմ, որ կգա այն ժամանակը, երբ մենք կկարողանանք օգտակար կողմ դառնալ ապագայում այս խնդրում», «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, նախկին փոխվարչապետ, այժմ` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան:
Նկատենք, որ հարեւան Վրաստանն այս օրերին բավական ինտենսիվ էր արձագանքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողություններին: Թե Վրաստանի իշխանությունները, թե ընդդիմադիրները, թե փորձագիտական շրջանակները եւ թե մամուլն ակտիվորեն անդրադառնում էր քառօրյա պատերազմական իրադարձություններին:
Ապրիլի 3-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա խորհրդակցություն հրավիրեց արտգործնախարարի, ուժային կառույցների ղեկավարների, խորհրդարանականների մասնակցությամբ: «Վարչապետը անհանգստություն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների հետ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»:
Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ հույս ունի՝ համաշխարհային հանրության ջանքերով իրավիճակը կհանդարտվի՝ ապահովելով խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում:
Կարդացեք նաև
Նույն օրը Վրաստանի խորհրդարանում իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գեորգի Վոլսկին հայտնեց, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Թբիլիսիում Սարգսյան-Ալիեւ հրատապ հանդիպում կազմակերպել՝ բանակցելու խաղաղության համար։ «Շատ տխուր բան է տեղի ունենում, կան զոհեր։ Ծայրահեղ վիճակ է։ Մենք պատրաստ ենք միջնորդ դառնալ ցանկացած ձեւաչափով», ասել էր Վոլսկին։
Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց էր ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ, նրանք քննարկվել էին հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները, կարեւորվել էր խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Ապրիլի 5-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում ստեղծված լարված իրավիճակին` կոչ արեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը առավելագույն ջանքեր գործադրել՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Մարգվելաշվիլին մասնավորապես ասել էր. «Մենք մեծ հույսեր ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունը մեծ ջանքեր կգործադրեն, որպեսզի թուլացնեն լարված իրավիճակը եւ միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ խաղաղ, բանակցային ճանապարհով կհասնեն հակամարտության կարգավորմանը»։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, նախկին փոխվարչապետ Իրակլի Ալասանիայի հետ հարցազրույցը կարդացեք ապրիլի 7-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ