Այսօր՝ ապրիլի 6-ին, Սիսիանում կայացավ Արցախում նահատակված 5 քաջորդիների հուղարկավորությունը, որին ներկա եղավ նաև Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը: Ապրիլի սկզբին թշնամին ձեռնարկեց հարձակում Արցախի ողջ սահմանով՝ նպատակ ունենալով կարճ ժամկետում իրականացնել իր նկրտումները՝ տիրանալ Արցախին: Սակայն այս անգամ ևս թուրք քոչվորներն զգացին հայի ուժը: 18-20-ամյա հայ պատանիները ոչնչացրեցին թշնամու հատուկջոկատայիններին: Արցախի գլխին կախված վտանգը ժամեր անց ոտքի հանեց ողջ հայությանը, և հազարավոր հայորդիներ կամավոր դիմեցին զինկոմիսարիատներ՝ առաջնագիծ մեկնելու նպատակով:
Ոտքի ելան նաև Արցախյան նախկին գոյամարտում փառավոր մարտական ուղի անցած մեր ազատամարտիկները: Արդեն սպիտակահեր մեր քաջորդիների շարքում էին նաև Սիսիանի ջոկատի ազատամարտիկները, ովքեր 1988-94 թվականներին մարտական մեծ ուղի անցան, հաղթեցին թշնամուն՝ տալով նաև մարտիրոսներ: Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի ազատագրման համար 1993թ. մարտի 31-ին Սիսիանի ջոկատից մարտիրոսվեցին 11 քաջորդի՝ հրամանատար Վուրգ Ոսկանյանի հետ: Այժմ Վակունիսի դպրոցը կոչվում է հերոս հրամանատարի անունով: 23 տարի անց դարձյալ Արցախի պաշտպանության դիրքերում նահատակվեցին Վուրգի մարտական ընկերները՝ Արմեն Բեգլարյանը, Եղիշե Նիկալյանը, Մայիս Միրզոյանը, Սեդրակ Ասրյանը և Սերգեյ Դանգղյանը:
Այս և մեր մնացած քաջերի հզոր ուժի ճնշման տակ թշնամին նորից հրադադար կնքեց: Սիսիանի մշակույթի տան հարակից հրապարակում բազմահազարանոց հայություն էր եկել վերջին հրաժեշտը տալու մեր քաջերին: Ներկա էին Սյունիքի մարզպետ, ՀՀ ԵԿՄ մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը, փոխնախագահ Սուրեն Բաղդասարյանը, Սիսիանի երկրապահ ջոկատների հրամանատար Աշոտ Մինասյանը, ԵԿՄ վարչության ներկայացուցիչներ, զինվորականներ, այլոք: Հարյուրավոր պատանի երկրապահներ ծաղկեպսակներ էին բռնել: Հայոց Եռագույնով պատված Նահատակների գլխավերևում նույնպես զինվորական համազգեստով պատանիներն էին՝ պահած քաջերի լուսանկարները: Հրապարակից սգո թափորը շարժվեց քաղաքի Սյունի վանքի Սուրբ Հովհաննես եկեղեցու(6-7-դ դարեր) հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված զինվորական պանթեոն: Այստեղ են ամփոփված նաև 90-ական թվականներին Սիսական գնդի մարտիրոս քաջորդիները:
Կարդացեք նաև
Զինվորական երաժշտության հնչյունների և կրակային համազարկի տակ սիսիանցիները մայր հողին հանձնեցին իրենց հերոս զավակների մարմինները: Հողին հանձնեցին լուռ՝ վիշտը սրտում պահելով, կորստի ցավով ու մեծ հպարտությամբ: Իրենց խոսքում ելույթ ունեցողները բարձր գնահատեցին քաջերի արարքը՝ ասելով՝ տղաները փառքով բռնեցին անմահության ճանապարհը, միացան իրենց նահատակ ընկերներին: Հազարամյա սրբավայրի մոտ հավերժի ճամփորդ դարձան նաև այսօրվա նահատակները՝ իրենց արյամբ ավելի սրբացնելով մայր հայրենիքը, հավաստելով, որ հայն իր տունը պաշտպանելիս չի երկնչի նաև մահից: Երբ վերադառնում էինք Բերձոր, Աղուդի գյուղում այցելեցինք 7-դ դարի հաղթանակի հուշակոթող, որը հուշում է՝ սա մեր հայրենիքն է, որի պաշտպանության համար հայը բազում պատերազմներ է մղել, հաղթել և կերտել այս հրաշք կոթողը: 2016 թ. ապրիլի սկզբի իրադարձությունները սահմանագոտում, մեր քաջորդիների անձնազոհությունը ևս մեկ անգամ ապացուցեցին՝ հայ զինվորն է մեր մայրերի, երեխաների միակ պաշտպանը, պատվարը, վահանը:
Զոհրաբ Ըռքոյան