Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի գործողությունները զգույշ, բայց կոնկրետ գործողություններ էին». ՊՆ նախկին նախարար

Ապրիլ 06,2016 20:00

«Այսօր հրադադարն ամրագրող փաստաթղթի ստորագրության անհրաժեշտությունը չկա, պարզապես պետք է ձեւակերպենք հետեւյալը, որ հրադադարի համաձայնությունը կա, բայց նաեւ խախտումներ կան Ադրբեջանի կողմից»,- անդրադառնալով կրակը դադարեցնելու վերաբերյալ հայ-ադրբեջանական համաձայնությանը հաջորդած խախտումներին ու զոհերին ասաց ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ 1994-ին, երբ զինադադարը հաստատում էին, գործընթացը փետրվարից մինչեւ մայիս ձգվեց, մինչեւ վերջնական փաստաթուղթը ստորագրվեց. «Հրադադարի հայտարարությունից մինչեւ իրական հաստատումը ժամանակ պետք է անցնի: Կա համաձայնություն, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ՊՆ –ն էլ հայտարարում է, որ կան հրադադարի խախտումներ: Այս իրավիճակը գնահատելով՝ կարելի է ասել, որ Ադրբեջանի ծրագիրը ձախողվեց, ու նրանք ստիպված գնացին զինադադարի: Միջազգային հանրության արձագանքն ու հատկապես Ռուսաստանի գործողությունները, որոնք կոնկրետ գործողություններ էին, թույլ չեն տալիս, շարունակել ռազմական գործողություններն ու անցնել լայնածավալ գործողությունների»:

Անդրադառնալով քննադատություններին, թե ՌԴ-ն որպես դաշնակից պետություն իրեն ըստ արժանվույն չդրսեւորեց, պարոն Հարությունյանը չհամաձայնեց. «Էլ ինչ պետք է աներ Ռուսաստանը, առաջինը արձագանքեց հենց Ռուսաստանի նախագահը՝ կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, դրանից հետո Ռուսաստանի ՊՆ նախարարը կապվեց Ադրբեջանի ՊՆ նախարարի հետ. Բնական է՝ նույն պահանջը դրեց նրա առջեւ, դրանից ավելին էլ ինչ պետք է անեին»:

Ըստ ՊՆ նախկին նախարարի, զինադադարի հիմնական նախապայմանը եղել է մեր բանակի գործողություններն ու հակահարվածը, որով ջարդեց ադրբեջանական ուժն ու նրանց կամքը. «Սրա հիման վրա է այս ամենը կայանում: Եթե այդ ամենը չլիներ, այս իրավիճակը չէինք ունենա: Ամեն ինչ իր ազդեցությունն ունեցել է, բայց զինադադարի հիմքը ստեղծել է մեր բանակի գործողությունները: Դրա վառ ապացույցն այն է , որ Թուրքիան, որը սադրեց ու դրդեց Ադրբեջանին՝ խրախուսելով այս գործողությունները, տեսնելով, որ իրենց ծրագիրը տապալվեց, նույն Թուրքիան դավաճանեց իր դաշնակցին ու հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Թուրքիան այս տարածաշրջանում պատերազմով շահագրգռված էր, իսկ Ռուսաստանի պահվածքը վկայում էր, որ իրեն ձեռք չի տալիս այս տարածաշրջանում պատերազմը: Ռուսաստանը գործեց զգույշ՝ հաշվի առնելով բոլոր գործոններն ու կանգնեցրեց սադրանքը»:

Պարոն Հարությունյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակը կարագացնի բանակցային սեղանի շուրջ կողմերի վերադարձը. «Հրադադարը ռեալ է, նախապայմանները տանում են դրան, որովհետեւ Ադրբեջանը հիմա ի վիճակի չէ գնալ գործողությունների՝ ոչ ռազմական, ոչ էլ ռազմաքաղաքական առումով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930