«Ադրբեջանը տարիներով իր քաղաքացիներին սնել է, թե էսօր-էգուց Արցախը գրավելու ենք… Մեծամասնությունը հավատում է սրան, բայց եթե ռազմական գործողությունները երկար շարունակվեն, իրենց մոտ հակասություն է սկսվելու` բա ի՞նչ եղավ…»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում, ամփոփելով ղարաբաղաադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին արձագանքը վիրտուալ տիրույթում, ասաց միջազգայնագետ Էդգար Էլբակյանը:
Նա նկատեց, որ կրակը դադարեցնելու ժամանակավոր պայմանավորվածության մասին հայտարարությունից հետո ադրբեջանցի օգտատերերը գրեցին` «ո՞նց, պրծա՞վ, էս է՞ր..»: Բանախոսը փաստեց, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստիպված եղավ նոր կեղծ էջերով ապատեղեկատվություն տարածել, որ ինչ-որ տեղ Ադրբեջանի դրոշն են «տնկել»:
«Իրենք իրենց թակարդն ընկան: Երբ ադրբեջանցուն այնքան ես «դոզա» տալիս, որ հեսա Արցախը գրավելու են, բայց ադրբեջանցին մի քանի օր շարունակ առավոտյան այդպես էլ չի զարթնում Ստեփանակերտում, հարց է տալիս` բա ի՞նչ եղավ: Այնպես որ, Ադրբեջանը տեղեկատվական դաշտում լուրջ խնդիր է ունենալու: Իսկ մեր դաշտը «ֆեյքալից» չէ: Միջին վիճակագրական հայ օգտատերն ավելի գրագետ է: Երեկ 10 հոգուց ստացել եմ տեսանյութ, որում իբր ադրբեջանցիները գնդակահարում են դասալիք զինվորներին: Սա խոսում է այն մասին, որ կա ինքնակազմակերպում եւ զգոնություն` ապատեղեկատվության հանդեպ: Տեսանյութն իրականում կեղծ է եւ արվել է Դիարբեքիրում»,-ասաց Էլբակյանը:
Նա նկատեց, որ ԼՂՀ ՊԲ-ի եւ ՀՀ ՊՆ-ի հանդեպ քաղաքացիների վստահությունը շատ մեծ է, օգտատերերն էլ առաջնորդվում են ռազմական գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրություններով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ