Ապրիլի 2-ին մի քանի ժամ շարունակ ղարաբաղաադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին ադրբեջանական կայքերի նյութերը չէին հայտնվում միջազգային լրահոսում: Մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանի տվյալներով` այդ մի քանի ժամում միջազգային լրահոսի նյութերը ստացվում էին հայկական աղբյուրներից. «Շատ կարեւոր բան տեղի ունեցավ. մեծ լրատվամիջոցները հավասարապես ներկայացնում էին նաեւ հայկական կողմի տեսակետը: Շատ լրատվամիջոցներ ուղղակի հայկական կողմի հաղորդագրություններն էին տալիս, ադրբեջանական կողմինը` եւս: Գոնե հավասարակշռություն էր պահպանվում»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց փորձագետը:
Նա փաստեց, որ մի շարք երկրների կայքեր օգտագործում էին ԼՂՀ ՊԲ-ի եւ ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունները, կամ մեջբերում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի ելույթները. «Շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ժամանեցին Հայաստան, ապա մեկնեցին ԼՂՀ եւ տեղում հնարավորինս լուսաբանեցին իրավիճակը: ԼՂՀ-ն անվտանգության նորմերով ապահովեց նրանց աշխատանքը»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական քարոզչամեքենային, բանախոսը նշեց` կայքերում տեղեկություններ տարածեցին, թե հայերի շրջանում խուճապ է սկսվել, մարդիկ փախչում են Ասկերանից, ոստիկաններն են խոչընդոտում. «Տեղադրել էին խաղողագործների ակցիայի տեսանյութը, երբ նրանք փակել էին մարզային ճանապարհը: Մեկ այլ դեպքում էլ տեղադրել էին Բերձորում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը»:
Յալանուզյանը նկատեց, որ սոցցանցերում սպանված զինվորների եւ խոցված զինտեխնիկայի տարածումն ադրբեջանցիների կողմից իրականացվում էր կեղծ էջերով. «Նման դեպքերում հակառակորդը փորձում է հոգեբանական ազդեցություն ունենալ հայկական լսարանի վրա: Պաշտպանության միջոցը տեղեկատվության ճշգրտումն է եւ խուճապի չմատնվելը»:
Կարդացեք նաև
Մեդիա փորձագետի դիտարկմամբ` սահմանային բախումների օրերին հայկական լրատվական դաշտը մի քանի բացառություններով աշխատեց պրոֆեսիոնալ. «Լրագրողներն աշխատեցին գիշեր-ցերեկ` օպերատիվ եւ ճշգրտված տեղեկություններով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ