Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում ստեղծված լարված իրավիճակից բխող և մարզային գործառույթներին առնչվող աշխատանքները համակարգելու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի գլխավորությամբ ստեղծված հանձնախումբը որոշում է կայացրել աջակցել ԼՂՀ վարչական շրջաններին:
Կոտայքի մարզպետը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի համայնքների ղեկավարները և մարզային տարբեր կառույցների պատասխանատուներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջաններին պարենամթերքի տեսքով աջակցություն ցուցաբերելու նախաձեռնություն:
Նախատեսված աջակցության առաջին խմբաքանակը տեղափոխող բեռնատարներին Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզկենտրոնից ճանապարհել է դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջաններ:
Հավելենք, որ ՀՀ Կոտայքի մարզի և ԼՂՀ Շահումյանի վարչական շրջանի միջև առկա է ձևավորված համագործակցություն: Այս օրերին մարզի ու վարչակազմի պատասխանատուները պարբերաբար քննարկում են ինչպես իրադրությունների զարգացմանը, այնպես էլ վերջիններիցս բխող գործողությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ Կոտայքի մարզպետի հանձնարարությամբ մարզում ձևավորված հանձնախումբը շարունակում է քննարկել առաջիկայի անելիքներն ու ծրագրերը, ինչպես նաև պարենամթերքի երկրորդ խմբաքանակի տեղափոխման կազմակերպական հարցերը:
Աշխատանքային հանձնախմբի հետ համագործակցելու և համապատասխան նախաձեռնություններին միանալու պատրաստակամություն են հայտնել մարզային այլ կազմակերպություններ ևս:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին