Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 «Չոբանը հրացանով անօդաչու սարք է խփում, ու դա համարում ենք նորմա». Կարեն Վարդանյան

Ապրիլ 06,2016 17:31

«Ինչպես բոլոր դարաշրջաններում, այնպես էլ հիմա հաղթում է տեխնոլոգիապես ավելի ուժեղը: Ակնհայտորեն պատերազմն անցնում է տեխնոլոգիական դարաշրջան: Եթե մենք պատրաստ չենք լինում դրան, ապա դրա գինը պետք է վճարել, և այդ գինը մարդկային կյանքն է»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ինչպես նա նշեց, վերջին դեպքերը շատ հստակ ցույց տվեցին մեր ուժեղ և թույլ կողմերը. «Այս օրերին լայնորեն կիրառվեցին ամենավերջին բարձր տեխնոլոգիական զենքեր, որոնք ամենաշատ զոհերը մեզ պատճառեցին: Ես բացարձակ չեմ ընդունում, որ ասում են մեր զենքը մեր արդարությունն է, արդարությամբ նրանց կհաղթենք: Չոբանը հրացանով անօդաչու սարք է խփում, ու դա համարում ենք նորմա: Դա մեր հասարակությանը շեղում է, և եթե դրան մենք չենք պատասխանում, ապա գնում ենք դեպի դեգեներացիա, ոչ ադեկվատություն»:

Պարոն Վարդանյանն անդրադարձավ նաև թշնամու զինատեսակներին՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերին՝ ասելով, որ դրանք տեխնոլոգիական վերջին ձեռքբերումներով հագեցած ապրանքներ են, եւ ակնհայտ է, որ դրանց կառավարումն իրականացրել են օտարերկրյա մասնագետները, քանի որ դա պահանջում է լուրջ տեխնոլոգիական մակարդակ, բայց ադրբեջանցիները կարողացել են դրա համար վճարել. « Ըստ էության, մենք հիմա կռվում ենք երկաթի կտորների հետ: Ադրբեջանն ունի մեզ 1-ը 10-ի առավելություն զենք-զինամթերքի առումով: Թշնամին սկսում է հարձակվել այն ժամանակ, երբ այդ ուժային առավելությունը համընկնում է քաղաքական նպատակահարմարության հետ. սկսվում է պատերազմ: Ամեն զենք ունի իր դեմ հակազդելու միջոցները, բայց պետք է դրա վրա աշխատել: Հայաստանում մոտ 15 հազար ՏՏ ոլորտի մասնագետ կա, որոնք հիմնականում արտադրանք են տալիս դրսի համար՝ այդ թվում ռազմական արտադրանք: Բայց որևէ մեկը չդիմեց նրանց քննարկելու, վերլուծելու, թե հակառակորդն ինչ բարձր տեխնոլոգիական գործիքներ է կիրառում, ինչ անել, որ ապագայում հնարավոր լինի հակազդել նման դեպքերում: ՏՏ ոլորտում խնդիրները մեկ-երկու օրում չեն լուծվում, այլ 1 տարվա, 2 տարվա մեջ»:

Վերջում նա հավելեց, որ մարդկային կյանքից թանկ ոչինչ չկա. «Մեզ պետք է հետաքրքրի մեր կորցրածը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ էր այսպես: Մենք ունեցել ենք ենթադրենք 4000 զոհ, նրանք 20000: Բայց մենք կորցրել ենք հերոսներ, անուններ ենք կորցրել, իսկ նրանք վարձու՝ իրենց համար արժեք չունեցող մարդկանց. հիմա մեր 4000-ն է թանկ, թե նրանց 20000-ը: Ադրբեջանը 50 անօդաչու սարքից կորցրեց 4 հատը. կգնի ևս 50 հատ: Մի բան է խոսել երկաթե կտորի մասին, մի ուրիշ բան՝ մարդկային կորուստի»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930