«Ադրբեջանցիները նախապես տեղեկատվական գործողություններ էին պատրաստել: Սոցցանցերում գործում էր մեծ բանակ` «ֆեյքերի» եւ իրական մարդկանց էջերի տեսքով, որոնք հիմնականում Ադրբեջանի իշխող կուսակցության երիտթեւի ներկայացուցիչներին էին»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց Razm.info-ի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նա տեղեկացրեց, որ սահմանային բախումների օրերին կայքի ֆեյսբուքյան էջում 2000 ադրբեջանցի օգտատերերի ստիպված արգելափակել են. «Նրանք տեղեկատվական դաշտում բավականին պատրաստված էին: Ադրբեջանական կողմի հիմնական թիրախը սեփական բնակչությունն էր: Փորձում էին իրենց համոզել, որ լուրջ ձեռքբերումներ ունեն եւ ամեն կերպ թաքցնում էին կորուստները: Ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների` իրենք 31 կորուստ ունեն, բայց մեր կայքում արդեն 47 սպանված ադրբեջանցու անուն ենք հրապարակել: Անգամ եթե ադրբեջանցին սոցցանցում գրում էր, որ իր ազգականը զոհվել է, մյուս օգտատերերն այսպես էին պատասխանում` դու ադրբեջանցի չես, դու հայ ես»:
Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ադրբեջանական որոշ կայքեր նախնական պայմանավորվածություն ունեին արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների հետ, որպեսզի վերջիններս հրապարակեն իրենց նյութերը. «Դա միայն որոշակիորեն հաջողվեց: Որոշ դեպքերում փորձում էին գումարով նյութեր հրապարակել, բայց մերժվում էին: Անգամ CNN-նն Ադրբեջանի համար ոչ ձեռնտու նյութ հրապարակեց` բարձրաձայնելով Ադրբեջանի կոռումպացված ընտանիքի մասին: Ադրբեջանում դա դեռ տեւական ժամանակ ծանր կտանեն»:
Բանախոսը փաստեց, որ Ադրբեջանի տեղեկատվական քարոզչությունը «ողողել» է սեփական երկրի քաղաքացիների ուղեղները. «Եթե ինչ-որ տեղ մի քանի մետր առաջ են գնացել, դա տիեզերական մեծ հաջողություն են որակում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հայաստանյան մեդիադաշտին, փորձագետի դիտարկմամբ` լուրջ լրատվական կայքերը, բլոգերները եւ սոցցանցերում ակտիվ օգտատերերը միասնաբար աշխատեցին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ