Եռաբլուրում ապրիլի 6-ին հուղարկավորեցին 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին: Նրան վերջին հրաժեշտ տվեցին իր ընտանիքի անդամները, ընկերները, համածառայակիցները եւ պարզապես անծանոթ մարդիկ:
Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ եւ մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում, մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:
Արարողության ընթացքում պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության պետի տեղակալ Վանիկ Մինասյանը հայտարարեց, որ վիշտը ոչ միայն Ուրֆանյանների ընտանիքինն է, այլ համահայկական է. «Արմենակը իր ճակատագիրը կապել էր բանակի հետ, երազել էր եւ դարձավ սպա, դարձավ սպա, ունեցավ զինվորներ եւ մատաղվեց ու նահատակվեց հանուն այդ զինվորների փրկության: Զոհվեց՝ փրկելով բազում կյանքեր, զոհվեց փրկելով մեզնից յուրաքանչյուրին, զոհվեց հանուն մեզ եւ ապագա սերունդների: Մենք բոլորս հավատում ենք, որ Արմենակի եւ մեր մյուս բոլոր նահատակների հիշատակը եւ նրանց գործած սխրանքը անմար է լինելու, սերունդներ են դաստիարակվելու, սերունդներ են հիշելու, եւ երիցս ճիշտ խոսք է՝ կյանքի կեսը հերոսաբար ապրել եւ հերոսաբար զոհվելն է»:
Նա հրապարակեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու, ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ