Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցուց այսօր հուղարկավորեցին Թալիշի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված 23-ամյա ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին: Հերոսին հրաժեշտ տալու էին եկել մեծ թվով մարդիկ՝ անգամ ձեռնափայտով տեղաշարժվող տատիկներ ու պապիկներ: Նրանք եկել էին իրենց շնորհակալության խոսքը փոխանցելու Մերուժանին, որն իր կյանքը տալով՝ փրկեց մյուսների կյանքը:
Բոլորը սգում էին, բայց միաժամանակ խոստանում վրեժ լուծել ամեն մի հայի թափած արյան համար: «Կտոր-կտոր կանեմ քեզ, դահիճ, պատասխան պիտի տաս ամեն մեկի արյան համար, կտեսնես ինչ օրը կգցենք քեզ, քիչ մնաց, քիչ», -գոռում էր տղամարդկանցից մեկը:
Կանայք էլ լացում էին, սակայն սգի մեջ անգամ հպարտ էին: «Իմ հերոս բալա»,- բարձրաձայն լացելով՝ բացականչում էր հարազատներից մեկը:
Նկատենք, որ հուղարկավորությանը մասնակցում էր նաեւ Գյումրիում Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ