Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե մեզ հաջողվի համոզել ռուսական կողմին, որ զենք չվաճառի Ադրբեջանին». Կորյուն Նահապետյան

Ապրիլ 06,2016 16:46

Երեկ հանդիպել են ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը, նրանք են պայմանավորվածություն ձեռք բերել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցնելու: Թե ինչո՞ւ այդ հանդիպումներում ներգրավված չի ԼՂՀ-ն՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կրակը դադարեցնելու մասին, հավելյալ մանրամասներ չեմ կարող ասել: Թե ինչու ԼՂՀ ՊԲ ներկայացուցիչը ներգրավված չի եղել, սա մի ձեւաչափ է, որը նախաձեռնողը նպատակահարմար է գտել հրավիրելու երկու պետությունների գլխավոր շտաբերի պետերին: Դրանից չպետք է հետեւություններ անել, որ նրանք պարտավորված էին նաեւ ԼՂՀ –ի ՊԲ-ի ներկայացուցչին կանչել»:

Նա ասաց, որ ԼՂՀ ներկայացուցիչները, որպես հակամարտության կողմ, պետք է ներգրավված լինեն բոլոր տեսակի բանակցություններում: Ըստ Կորյուն Նահապետյանի,ստեղծված իրավիճակում մենք պետք է շահեկանորեն օգտվենք եւ բանակցային գործընթացում ամուր պահենք այն դիրքերը, որոնք պետք է ունենանք:

Մեր հարցին՝ երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ պետք է պատրանքներ չունենանք, մեր վրա դնենք հույսներս, դա ուղե՞րձ է ՌԴ-ին՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Առաջին անգամ չի ասում նա այդ մասին, այո՛ հույսներս պետք է դնենք մեզ վրա: Ունենալով դաշնակիցներ, գործընկերներ, ակնհայտ է, որ միայն մեր ուժերով պետք է կարողանանք մեր խնդիրները լուծել: Նկատի ունեմ ՀՀ-Արցախ-Սփյուռք»:

Հարցին՝ եվրոպական կառույցներից ակնկալիքներ ունենք, իսկ ռազմավարական դաշնակցից, բացի մտահոգություններից, այն կողմ չանցանք՝ Կորյուն Նահապետյանն ասաց, որ մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները մեր անվտանգության հարցում ունեն առանցքային նշանակություն. «Այո, մենք մտահոգված ենք, որ ռազմավարական դաշնակցի հայտարարությունները երկու կողմերին զսպվածության կոչ են պարունակում: Ակնկալում ենք, որ առավել հասցեական եւ ճշգրիտ ներկայացվի իրավիճակը եւ խստորեն դատապարտվի ադրբեջանական ագրեսիան: Մեր ակնկալիքը շատ իրական է, հույս ունենք, որ առաջիկա զարգացումների ընթացքում ՌԴ-ն առավել օբյեկտիվ կարտացոլի եւ գնահատականներ կտա այն իրադրությանը, որ մենք ունենք»:

ՌԴ-ի կողմից հակառակորդին զինելու հետ կապված՝ Կորյուն Նահապետյանն ասաց. «Դա երկար ժամանակ ներկայացվում էր որպես առեւտրային գործարք: Բայց գործարք, որը ռազմավարական դաշնակցիդ անվտանգության համար կարող է լուրջ մարտահրավեր եւ սպառնալիք հանդիսանա, այդ մասին տարբեր հարթակներում մենք ներկայացրել ենք մտահոգությունները: Մենք պետք է առավել խստապահանջ լինենք, բայց նկատի ունենանք, որ յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը: Գուցե մեզ բանակցությունների ընթացքում հաջողվի համոզել ռուսական կողմին, որ տարածաշրջանում մեծ քանակի զենքի կուտակումը ագրեսոր պետության դեպքում վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930