Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրապահը մարտական դիրքերում (Տեսանյութ)

Ապրիլ 06,2016 15:29

Երկրապահ կամավորականների միությունը կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության եւ հայկական Արցախ պետության կայացման ակունքներում, եղել է հայոց բանակի ստեղծողը: 1988-89 թվականներին, երբ արյունարբու ոսոխը արցախցու արդար պահանջին Սումգայիթի եւ այլ բնակավայրերի ջարդեր հակադրեց, ապա` հայ ազգին պատերազմ պարտադրեց, ազգի սերուցքը համախմբվեց երկրապահ կամավորական ջոկատներում: Հետագայում ջոկատները միավորվեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կազմակերպական ջիղի շնորհիվ: Երկրապահ կամավորականները կարողացան հաղթական հրադադար պարտադրել թուրքին` ազատագրելով հայրենյաց սահմաններ, ստեղծելով անվտանգության գոտի:

Սպարապետի իրավահաջորդ Զորավար Մանվել Գրիգորյանը լավ է յուրացրել` Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի ճշմարտությունը: Այդ իսկ պատճառով Զորավարը կայացրեց երկրապահական եռասերունդ ընտանիքը, որում պատանի եւ երիտասարդ երկրապահները, ավագ սերնդի կողքին կրթվում ու դաստիարակվում են հայրենասիրական ոգով: Երկրապահը գործակցության հուշագրեր ստորագրեց պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, այլ նախարարությունների հետ: Այս բոլոր կառույցներով համատեղ, նաեւ` հայ առաքելական եկեղեցու սպասավորների ներգրավմամբ անցկացվում են հրամանատարասերժանտական դասընթացներ, որի նպատակը լիարժեք քաղաքացի եւ հայրենիքի զինվոր դաստիարակելն է:

Եվ ահա, այս պայմաններում բնական էր երկրապահական ընտանիքի արձագանքը թուրք-ազերիների կողմից հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտմանը: Անմիջապես Երկրապահում ստեղծվեցին օպերատիվ շտաբեր` կենտրոնական շտաբը վարչության շենքում եւ ենթաշտաբեր բոլոր մարզային խորհուրդներում, բոլոր տարածքային բաժանմունքներում: Բազմահազար երկրապահներ դիմեցին ցուցակագրվելու եւ առաջնագիծ գործուղվելու խնդրանքով: Առաջին իսկ օրը Արցախ ուղեւորվեցին հազարավոր երկրապահներ` վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ:

Արցախում կամավորականներին դիմավորեց վարչապետ Արա Հարությունյանը, որից հետո Զորավարի հետ առանձնազրույց ունեցավ, ապա` կամավորականների հրամանատարներին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Զորավարն ու Արցախի նախագահը սահմանային իրավիճակի վերլուծություն արեցին, ինչի հիման վրա կատարվեց կամավորականների բաշխումն ըստ հենակետերի:

Հանրապետության բոլոր մարզերից, բոլոր բնակավայրերից առաջնագիծ հասած երկրապահները դիրքավորվեցին հենակետերում, այսօր բանակում ծառայություն իրականացնող քաջերի կողքին: Թուրքը նենգադավ է, եւ չնչին րոպեական հաջողության հասել էր հանկարծակի ուխտադրուժ հարվածի շնորհիվ: Սակայն, հայկական զինված կազմավորումները շատ արագ վերադարձրին կորցրած դիրքերն ու վերահսկողություն հաստատեցին սահմանի ամբողջ երկայնքով: Ցավալի է միայն, որ նահատակվեցին առյուծ տղաներ, իսկական հայրենասեր քաջեր: Փառք ու պատիվ նրանց. Ինչպես Զորավարն է ասում` այս քաջերի ոգիները սավառնում են երկնքում` այնտեղից էլ երաշխավորելով մեր անդորրը: Այս տղաներն, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են:

Թշնամու կորուստները, բնականաբար, անհամեմատ շատ են: Ոսոխը, կորցնելով նաեւ մեծաքանակ ծանր տեխնիկա, հետ շպրտվեց իր դիրքերը: Տղաների ոգին բարձր է ու մարտական:

Ու մինչ տղաներն առաջնագծում նեղում էին ոսոխին` հարկադրելով դարձյալ գալ կրակի դադարեցման վերաբերյալ գոնե բանավոր համաձայնության, ԵԿՄ վարչության կենտրոնական շտաբում եւ բոլոր տարածքների ենթաշտաբերում շարունակվում է կամավորականների ցուցակագրումը` մարդկանց հոսքը չի դադարում:

Ցուցակագրված եւ առաջնագիծ մեկնելու իրենց հերթին սպասող կամավորականների հետ տարվում է հրահանգավորման աշխատանք` ծանոթացում զենքին կամ շատերի համար` վերհուշ: Մարտական ոգին այստեղ էլ բարձր է` մարդիկ վճռական են եւ հայրենասիրական երգերով, պարով են սպասում առաջնագիծ մեկնելու հերթին:

Քիչ չէին նաեւ մարդիկ, ովքեր նյութական աջակցություն էին ցուցաբերում առաջնագծին, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով:

Եռասերունդ երկրապահական ընտանիքը, հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների ուղեկցությամբ նաեւ այցելեցին զինվորական հոսպիտալներում բուժվող վիրավոր զինվորներին, կամավորականներին:

Հայ ազգը միասնականության հերթական օրինակը ցույց տվեց աշխարհին: Համազգային խնդիրը համախմբել էր ողջ հայությանը, առանձին հայտարարություններով` զինվորագրվելու եւ առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն հայտնեցին նաեւ Երկրապահի` արտերկրի ներկայացուցչությունները: Իսկ Հանրապետության բոլոր բնակավայրերում կամավորականների հոսքն անդադար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930