Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ դիմել է հանրային խորհուրդների միջազգային կառույցին

Ապրիլ 06,2016 15:12

ՀՀ Հանրային խորհուրդը նամակ է հղել Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային (որի կազմում ընդգրկված են 70-ից ավելի երկրների հանրային խորհուրդներ՝ այդ թվում նաև ՀՀ Հանրային խորհուրդը)` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտական գործողությունների վերսկսման և դրանից բխող հետևանքների վերաբերյալ:

Նամակում ասվում է.

Հարգելի գործընկերներ,

1994 թ. զինադադարի կնքումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով ադրբեջանական զինված ուժերի չդադարող սադրանքներն ու դիվերսիոն գործողությունները մտել են նոր փուլ՝ սպառնալով վերաճել լայնամասշաբ պատերազմի:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը դիմել է հարձակողական սադրիչ գործողությունների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով` սկսելով լայնածավալ մարտական գործողություններ, որոնք աննախադեպ էին 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Ադրբեջանի կողմից կիրառվել է զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ, օգտագործվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ծանր տեխնիկա և այլ համակարգեր, որոնք մինչ այդ չեն կիրառվել: Փաստորեն, սա նշանակում է 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագրի միակողմանի կասեցում և նոր պատերազմի սկիզբ:

Հակառակորդը սադրիչ հարձակումների հենց սկզբից թիրախավորել է հայկական քաղաքացիական բնակավայրերը, որի հետևանքով դպրոցի բակում զոհվել ու վիրավորվել են երեխաներ: Կարճ ժամանակահատվածում ներխուժելով հայկական գյուղ` ադրբեջանցի զինվորներն ամենադաժան ձևով սպանել ու գազանաբար խոշտանգել են խաղաղ բնակիչներին` իրենց տներում:

Այն, որ ռազմական գործողությունները սկսել է ադրբեջանական կողմը, վկայում են բազմաթիվ փաստեր: Ադրբեջանական պաշտոնական հայտարարություններից արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ իրենք են նախահարձակ եղել, որպեսզի ռազմական ձևով լուծեն բանակցությունների մեխը հանդիսացող խնդիրը: Մինչդեռ Հայաստանը եղել և շարունակում է հավատարիմ մնալ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի համար այլ երկրի կազմի մեջ մտնելու գաղափարն այլևս անընդունելի է, և ժողովուրդը երբեք չի համակերպվի այդ մտքի հետ: Լեռնային Ղարաբաղն իր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը ձեռք է բերել սահմանադրական ճանապարհով, հաղթել պարտադրված պատերազմում և այսօր էլ իրավացիորեն պայքարում է իր անկախության և ինքնորոշման պահպանման համար` ստիպված լինելով պատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Իրադրության սրման գործում լուրջ դերակատարում ունի ԵԱՀԿ մասնակից երկիր Թուրքիան, որը կարծում է, թե «քարտ բլանշ» ունի տարածաշրջանում, քանի որ «փրկում է» Եվրոպան փախստականներից: Այսօր Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում և բացահայտ պատերազմ է հրահրում` քաջալերելով Ադրբեջանի ծայրահեղ վտանգավոր գործողությունները, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ առաջ բերել ողջ տարածաշրջանում:

Հաշվի առնելով իրադրության լրջությունն ու վտանգը ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների համար, այլև տարածաշրջանի և ավելի գլոբալ տեսանկյունից, ինչպես նաև հասկանալով, որ խնդիրը հնարավոր է լուծել սկզբնավորման փուլում և խուսափել ցավալի հետևանքներից` դիմում ենք ձեզ, որպեսզի դուք, օգտագործելով ձեր բարձր հեղինակությունն ու ազդեցությունը, խնդիրը ներկայացնեք ձեր հասարակություններին և ակնկալեք միջազգային հանրության անաչառ գնահատականն ու պահանջը` դադարեցնել Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններն ու գնալ խնդրի կարգավորման բացառապես խաղաղ ճանապարհով:

Ստեղծված իրավիճակում նաև ակնհայտ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն այլընտրանք չունի և տարածաշրջանի խաղաղ գոյակցության միակ երաշխիքն է:

ՀՀ Հանրային խորհուրդ

05.04.2016 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930