Հարցին, թե Ղարաբաղը լինելո՞ւ է բանակցային կողմ եւ ինչո՞ւ Մոսկվայում երկու երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարների հանդիպման Ղարաբաղյան կողմը հանդիպմանը ներկա չի եղել, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Ղարաբաղի բանակցային կողմ լինելու հարցը մշտապես օրակարգում է. «Վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ ընդգծում են, որ Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում այլընտրանք չունի»:
Պարոն Քոչարյանը նաեւ ասաց, որ. «Այս պահին կա պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին: Փոխարտգործնախարարը լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության նիստից հետո:
Հարցին, թե ԵԱՏՄ գագաթնաժողովը, որը պետք է կայանար Հայաստանում, ինչո՞ւ չեղարկվեց եւ որոշվեց տեղափոխվել Մոսկվա, պարոն Քոչարյանն ասաց, որ առանց որեւէ անդամ երկրի մասնակցության հնարավոր չէր լինի նիստն անցկացնել, եւ որ դեռ որոշումը վերջնական չէ, ամենայն հավանականությամբ՝ այն կանցկացվի Մոսկվայում:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչպիսին է եղել ԵՏՄ գործընկերներ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի արձագանքը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ քանի որ պատերազմական գործողություններն ընթացել են ոչ Հայաստանի տարածքում, նրանց արձագանքը պարտավորեցնող չի եղել, իսկ միայն Ռուսաստանի արձագանքը եղել է որպես միջնորդի:
Մանրամասները` տեսանյութում
Շավարշ Քոչարյանը պատասխանելով հարցին, թե սեղանին կդրվի՞ մեկ այլ փաստաթուղթ, թե՞ հնի շուրջ է բանակցությունը լինելու, ասաց, որ մինչ այսօր գոյություն ունի մեկ փաստաթուղթ, որը հիմք է ծառայում բանակցությունների համար. «Կա 94 թվականի պայմանագիր, որը խստորեն պետք է պահպանվի, դրա համար հիմա պետք է մշակվեն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, որը հիմք կհանդիսանա խաղաղ բանակցային գործընթացում խնդիրը կարգավորելու համար: Բանակցությունների վերջնական նպատակը դա համապարփակ պայմանագիրն է, բայց ներկա փուլում միայն կարելի է խոսել 94 թվականի պայմանագրի մասին»:
Փոխարտգործնախարարից նաեւ հետաքրքրվեցինք, թե ռազմական դիրքերի փոփոխություն տեղի ունեցե՞լ է, որին ի պատասխան, փոխնախարարն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել ՊՆ-ին, բայց ինքը գիտի, որ ադրբեջանական զինուժի կողմից առաջխաղացում չկա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ