Aravot.am-ը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին զրուցեց ԱԺ պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ: Վերջինս ասաց. «1992-1994 թվականների ընթացքում տասնյակ այդպիսի հրադադարներ են եղել կամ կրակի դադարեցումներ են եղել: Ես շատ չեմ վստահում այս կրակի դադարեցմանը: Ուղղակի բանավոր պայմանավորվածություն է, որը համենայն դեպս՝ հնարավորություն կտա կողմերին շունչ քաշել եւ վերադասավորվել»:
Հայկ Խանումյանը նշեց, որ կրակի ինտենսիվությունը իջել է, սակայն տեղի են ունենում տարբեր կուտակումներ, դասավորումներ. «Կրակ այսպես, թե այնպես լինելու է: Դա մինչեւ այս լարված փուլի սկիզբը՝ մինչեւ ապրիլի 1-2-ը կրակ կար, այդ թվում նաեւ տանկերից եւ հրետանային համակարգերից: Հիմա էլի վերադարձել ենք, այսպես կոչված, քիչ լարված փուլին, բայց լարվածությունը, բնականաբար, մնում է եւ երկու կողմերն էլ կուտակում են զենքեր եւ տեխնիկա»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ Հայկ Խանումյանը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ էլ այդպես չաշխատող կառույց է եղել, տեխնիկական գործեր է կատարել, փորձել է հանդիպումներ կազմակերպել. «Այդ ձեւաչափը կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ Ստեփանակերտում ունենա ԵԱՀԿ մշտական ներկայացուցչություն, եւ ձեռքը պահի զարկերակի վրա: Այլ դեպքում՝ այդ կառույցը դառնում է ավանդական փոստի դեր կատարող մարմին, որը ինչպես գիտեք՝ բավականին դանդաղ է աշխատում»:
Հայկ Խանումյանին խնդրեցինք խոսել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ սպասվող այցի մասին, նա ասաց. «Վաղը կգան, կտեսնենք: Հույս ունեմ, որ Ազգային ժողովում էլ հանդիպում կլինի, մենք մեր մտահոգությունները կհայտնենք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ