Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյան. «Կուզեի հաջորդ մրցակիցս ադրբեջանցի լիներ»

Ապրիլ 06,2016 13:43

Աշխարհի բացարձակ չեմպիոն, ինչպես նաեւ երեք քաշային կարգերում աշխարհի չեմպիոնական գոտի նվաճած վանաձորցի Վախթանգ Դարչինյանը, որը բնակվում է հեռավոր Ավստրալիայում, անհանգստացած է Արցախի սահմանին Ադրբեջանի սկսած պատերազմով:

Այսօր Վիկն ինքը զանգահարեց: «Մտահոգ եմ մեր Արցախի սահմաններում ստեղծված իրավիճակով, 18-20 տարեկան զինվորների անվտանգությունով: Հայը զենքի պատերազմ չի ուզում, բայց այնքան ամուր ու հզոր է, որ ցանկացածին, ով կսպառնա իրեն ու ոտնձգություն կկատարի իր ազատության եւ արժանապատվության վրա, նրան իր հասանելիք տեղը կդնի: Դա հիմա անում են մեր երիտասարդ հերոս զինվորները, սպաները, հրամանատարները, ամբողջ հայ ժողովուրդը: Փառք ու պատիվ նրանց: Այս պահին Հայաստանից հեռու եմ, բայց ուզում եմ Aravot.am-ի միջոցով իմ բոլոր հայրենակիցներին հաղորդեք, որ հոգով ու սրտով ձեզ հետ եմ: Մեկ էլ՝ խնդրում եմ հետաքրքրվեք ու ինձ ասեք, թե ինչով կարող եմ օգտակար լինել իմ երկրին», – ասաց Վիկ Դարչինյանը:

Օգտվելով առիթից հետաքրքրվեցինք, թե հիմա ինչո՞վ է զբաղված: Պատասխանեց. «Մոտ ժամանակներս մենամարտ ունեմ իմ արդեն չորրորդ՝ 55,5 կգ, քաշային կարգում: Գոտու համար մրցելու եմ աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Հուգո Ռուիսի հետ: Շատ լուրջ բռնցքամարտիկ է: 36 մենամարտերում նոկաուտով տարել է 33 հաղթանակ եւ երեք պարտություն է կրել: Մենամարտը կայանալու է ԱՄՆ-ում, բայց վայրը եւ օրը դեռ վերջնական որոշված չեն: Թեեւ կուզեի, որ այս պահին մրցակիցս Ադրբեջանից լիներ: Մինչեւ ԱՄՆ մեկնելս անպայման գալու եմ Հայաստան: Ուզում եմ իմ աչքով տեսնել, թե ինչ է կատարվում: Թեեւ, ավելի լավ կլինի, որ ամեն բան օր առաջ ավարտվի: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, ամեն մի հայ զինվորի կյանքը բացարձակ արժեք է մեզ համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930