ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը մարտական գործողությունների սկզբից Մարտակերտում է: Aravot.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ: Վերջինս մեզ հայտնեց, որ հայկական կողմը միակողմանի պահպանում է հրադադարը. «Ուղղակի այս գիշեր մեկ-մեկ կրակոցներ են եղել, շատ թույլ, բայց հիմնականում հրադադարը պահպանվում է: Ես հիմա գտնվում եմ Մարտակերտում ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ անդորր է, սպասում ենք՝ տեսնենք, թե այս քաղաքական լուծումները ինչպես են ընթանալու: Դուք տեղյակ եք, որ Վիեննայում աշխատանքային փաստաթուղթ են պատրաստում, որը պետք է ներկայացնի ամսի 9-ին Ադրբեջանին, հետո Հայաստանին, հետո համանախագահները պետք է ժամանեն Ստեփանակերտ: Կարծես թե նորից բանակցային փուլ ենք վերադառնում»:
ՀՀ Արտաքին գործերի նախարար (1996-1998 թթ-ին), ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ ժամանակավոր հրադադարը հաստատվել է Կարմիր խաչի միջնորդությամբ: Այս մասին պարոն Հյուսնունցը տեղեկատվություն չուներ, սակայն նշեց, որ ճշմարտանման է, որովհետեւ ադրբեջանական կողմը մարդկային լուրջ կորուստներ ունի, որոնք թաքցնում են:
«Փաստը նա է, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, փաստաթուղթ ստորագրված չի: Կարծում եմ, որ մոտակա օրերի ընթացքում մենք վերջնական պատկերը կունենանք: Ամենից կարեւոր է, որ մեր սահմաններն անառիկ պահում ենք, մեր բանակը ի պատիվ մեզ, երիտասարդ մեր փայլուն տղաների, սպաների մենք կարողացել ենք մեր սահմաններն անառիկ պահել եւ շարունակելու ենք մենք միջազգային նորմերով հաստատված բոլոր ձեւաչափերը պահել: Այս հարցը որեւէ ռազմական միջամտությամբ չի կարող լուծվել»,- հավելեց Ռուդիկ Հյուսնունցը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ