Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի պետական համալսարանի հայտարարությունն արցախյան առաջնագծում վերջին իրադարձությունների վերաբերյալ

Ապրիլ 06,2016 13:02

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս օրերին համայն հայությունը կրկին բռունցքվել է մեր դարավոր ոսոխի հերթական սանձարձակ ոտնձգության հանդեպ:

Կարծես թե ընտելացել ենք մեր ազգի պատմությունը՝ որպես գոյության ու պետականության պահպանման համար մաքառելու, արդարության հաստատման պատմություն ընկալելու հարցում, և սովորական է դարձել աշխարհի ու պատմության չփոխվելու մասին մտայնությունը: Պատմությունը կրկնվում է և հաճախ հայությանը կանգնեցնում դաժան իրականության առջև: Մեր բարեկրթությանը, պայմանավորվածությունը հարգելու և չխախտելու պատրաստակամությանը դրացի ոսոխը հակադրում է բռի ուժը և իր ծավալապաշտական նկրտումներն իրագործելու գիշատչական արյունոտ փորձեր անում՝ մեզնից խլելով թանկագին կյանքեր և ինքն էլ տալով անիմաստ զոհեր: Վերջին օրերի որոշ իրադարձություններ ցույց տվեցին, որ, հիրավի, ինչպես մեկ դար առաջ Շուշիում կամ քառորդ դար առաջ Սումգայիթում մեզ քաջածանոթ թշնամին նույնքան քաջ ու համարձակ է, երբ դիմացն անզեն տարեցներ են, և նույնքան արյունարբու է, երբ տրվում է սպանելու մոլուցքին հագուրդ տալու անգամ փոքրիկ հնարավորություն: Մենք տեսանք նաև, որ թշնամին նույնքան վախկոտ ու թույլ է՝ հայ զորականի արժանի հարվածն ընդունելիս:

Միևնույն ժամանակ ականատեսն ենք կարևոր ու դրական մի շարք փոփոխությունների. այսօրվա հայ երիտասարդությունը բացարձակ ձերբազատված է դարավոր ոսոխի դաժան կերպարը երկյուղով ընկալելուց, նրա մեջ ամրապնդվել է քաջաբար կռվող ու հաղթանակող հայի գենը, իսկ թշնամին… եթե նախկինում նա տենչում էր տիրել մեր պապերի հողին՝ որպես իր անփառունակ գոյության պահպանման կենսատարածքի, ապա այժմ նրան առաջնորդում կամ սպառնալիքով առաջ է տանում Ադրբեջան կոչված երկրի հանցագործ վարչակարգի՝ սոցիալ-տնտեսական ձախողումների կոծկմանն ուղղված քաղաքական ուղեգիծը՝ նպատակ ունենալով հայատյացության բորբոքմամբ շեղել ժողովրդին իր աղետալի կացությունից և փորձելով որոշ հողակտորներ զավթելով՝ հերոսի անուն վաստակել: Շնորհիվ առաջնագծում անձնուրացաբար կռվող մեր զինվորների ամրակուռ բազկի և բարձր ոգու, մեր հասարակության միասնականության և հաղթանակի հանդեպ վստահության՝ ալիևյան վարչակարգը մատնվել է անհաջողության և իր սադրանքի էլ ավելի անփառունակ վախճանի ականատեսն է լինելու:

Հայոց Մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, այսօր երկակի իրավիճակ է ապրում. մի կողմից զոհերի կսկիծը, մյուս կողմից՝ հերոսանալու և զոհաբերվելու պատրաստ ներկա սերնդի բարոյական վեհությունը, որ հայ զինվորի ու «զինվորացու» ուսանողի հետ միասին բնորոշ է մեր ողջ ժողովրդին՝ անկախ նրանից՝ երիտասարդ է, թե ծեր, տղա է, թե աղջիկ, հայաստանահայ է, թե սփյուռքահայ, հարուստ է, թե սոցիալապես անապահով:

Պատմության փորձով գիտենք, որ մեր հայրենիքի համար վտանգավոր պահերին մեր ժողովրդի ազատատենչ ոգին մայր հողի և արյան կանչով միավորում, համախմբում է բոլոր խավերին, հանգամանքների բերումով աշխարհի երկայնքով ու լայնքով ցրված հայությանը: Այդպես է եղել Ավարայրում, Սարդարապատում, Ապարանում, Զանգեզուրի համար մղված մարտերում և Արցախյան ազատամարտում: Այս տագնապալի օրերին, հակառակ իր դիրքերը սարսափից լքող ու խուճապահար փախչող թշնամու և հայ զինվորի արդար հարվածներից փախչողներին գնդակահարության սպառնալիքով զսպող հակառակորդի, տեսնում ենք դեպի Արցախ, դեպի ռազմական գործողությունների առաջնագիծ ինքնակամ ձգտող հայ զավակներին: Ահա կամավորական այս շարժումն է, որ հայկական զորքի երթը փառապանծ և զենքի ուժը հաղթական է դարձնում: Արցախյան առաջին պատերազմում իրենց պարտքն արդեն իսկ կատարած հազարավոր հայորդիներ հայրական զգացմամբ մեկնեցին առաջնագիծ՝ երիտասարդ զինծառայողներին ապավեն լինելու և նրանց ուղղված հարվածի առաջն առնելու համար. սա է հոգեպես երիտասարդացող հայ ժողովրդի առավել խոստումնալից դառնալու արտահայտությունը, և այս ամենին է կարծես նվիրված Սպարապետ Նժդեհի խոսքը, թե հայը կռվում է աննահանջ և սխրագործում ավելի իբրև կամավոր, քան պարտադիր ծառայության զինվոր: Ուստի հենց այսօր մենք զգում ենք երիտասարդ սերնդին տանը, դպրոցում բուհում և բանակում հայեցի, արժանապատիվ դաստիարակություն տալու արժեքն ու դրա տված արդյունքը: Մեր աչքի առաջ դարերով հիշելու և խոնարհվելու արժանի հերոսներ են կերտվում, կապիտան Արմենակ Ուրֆանյանի նման հերոսներ, ովքեր բացեիբաց քմծիծաղ են տալիս մահվան դեմքին ու սեփական թանկ կյանքը զոհում հանուն հայրենիքի: Այս հերոսների արարքը մեր կյանքի թերևս կարևորագույն դասն է, որ պետք է սովորենք, քաղենք մենք բոլորս. դաս այն մասին, թե հավիտենական ունայնության մեջ մի ակնթարթի ժամանակային ընդգրկում ունեցող մարդկային կյանքում ո՛րն է կարևորը և ո՛րը՝ երկրորդականը. նյութական բարեկեցության նշաձողն անվերջ բարձրացնելու տե՞նչը, թե՞ ողբերգություն ապրած հայրենակցի արտասուքը սրբելով սեփական խիղճը փոքր-ինչ հանգստացնելու երևույթը:
Խաղաղասեր մեր ժողովուրդը պատերազմ չի ուզում, դա նրան պարտադրվել է: Եվ հայությունը կրկին բռունցքվել է մեկ համազգային ու միասնական նպատակի շուրջ: ԵՊՀ հարյուրավոր ուսանողներ ցուցակագրվել են ռազմադաշտ մեկնելու, պրոֆեսորադասախոսական կազմն ու մյուս ուսանողներն ամեն կերպ ջանում են սատար լինելու ռազմական գործողությունների մեջ ներքաշված, խիզախության բացառիկ օրինակներ ցույց տվող հայ զինվորին, ժամանակավորապես իրենց բնակավայրերից տարհանված բնակչությանը:

Համալսարանականներս, սկսելով ինքներս մեզնից, դիմում ենք Հայաստան երկրի ազգաբնակչությանը և ողջ աշխարհի հայությանը, նրա բոլոր շերտերին ու խավերին՝
սեփական գոյությունն իմաստավորելով մեր ազգի պահպանությամբ ու զարգացմամբ՝ հանձնառու լինել Հայաստանի այսօրվա անվտանգությանն ու կայունությանը, հնարավոր միջոցներով նպաստ բերել Արցախ աշխարհի պաշտպանությանը,
մի կողմ դնելով խիստ ժամանակավոր, նյութական ու կենցաղային նշանակության արժեքները, միջանձնային ու միջխմբային տարաձայնությունները՝ համախմբվել հայոց պետականության շուրջ,
արժևորելով հայրենասիրական դաստիարակությամբ համեմված կրթությունը՝ լծվել այն շարունակ զարգացնելու նվիրական գործին:

 

Երևանի պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930