Ապրիլի 6-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Տեր Վահրամը հայտնեց, որ ինչպես երկու տասնյակ տարի առաջ, երբ հակամարտությունը սկզբնավորվեց, այնպես էլ այսօր Հայոց եկեղեցին զորավիգ է Հայոց բանակին:
Նա նշեց, որ բացի այլ միջոցառումներից, որոնցից մեկն օրերս կազմակերպվել էր սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ իրենց աղոթակցությունն են հայտնել, Մայր աթոռը հանդես է եկել այլ քայլերով:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը հավելեց, որ համախմբել են իրենց ռեսուրսները եւ այսօր բանակում ունեն 45 հոգեւոր սպասավորներ, որոնց մեծ մասը մեկնել է Արցախ՝ այդ թվում առաջնագիծ: Տեր Վահրամի ձեւակերպմամբ. «Այդ լուսանկարներն ավելի խոսուն են, քան իմ խոսքերը»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հայտնեց, որ որոշակի հերթականությամբ, մեր թեմակալ առաջնորդները այցելում են Արցախ, նաեւ կամավորականների ջոկատներին: Երեկ Մայր Աթոռում տեղի է ունեցել վանական խորհրդի նիստ, առաջիկա օրերին Ամենայն հայոց կաթողիկոսը կայցելի Արցախ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը եւս նման ցանկություն է հայտնել, ու նրանք միասին կայցելեն Արցախի Հանրապետություն եւ իրենց զորակցությունը կբերեն: Ստեղծվել է Արցախի զորակցության հիմնադրամ, Մայր Աթոռը նյութական աջակցություն կցուցաբերի զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին, ավերված համայնքների վերականգնմանը, նաեւ կոչ է արվել Սփյուռքում եւ Հայաստանում իրականացնել հանգանակություն:
Սերգո Երիցյանի խոսքով, միասնությունը մեր ժողովրդի բնավորության անքակտելի գծերից է՝ հանուն հայրենիքի, հանուն լինելիության: «Ամենակարևոր իրողություններից մեկն այն էր, որ այդ միասնությունը առանց խոսքերի ու պայմանավորվածությունների էր՝ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ, միասնության զարթոնքը պետք է այնպես շարունակել ոչ միայն օրհասական խնդիրներ լուծելիս»,- փաստեց Երիցյանը: Ինչ վերաբերում է դիվանագիտական դաշտում կատարվածին, նրա կարծիքով, գուցե շատ բաներ մնացել են կադրից դուրս:
Մկրտիչ Մինասյանի համոզմամբ, վերջապես զինադադար է, դա լուման է նաեւ մեր դիվանագիտական կորպուսի: Նա էլ է մտածում, որ հնարավոր է, որ որոշ պետություններ իրենց դիրքերից ելնելով ձեռնպահ են մնացել համապատասխան արձագանքներից: «Շատ կարեւոր է, որ ոչ միայն վտանգից վտանգ միասնությունն ունենանք, այլեւ ամենօրյա կյանքում»,- ցանկություն է հայտնում ճարտարապետների միության նախագահը:
Տեր Վահրամի խոսքով, խաղաղությունը գերագույն արժեք է, եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է դրա համար պայքարի, ոչ միայն դիվանագիտական կորպուսն ու բանակը, այլեւ յուրաքանչյուր քաղաքացի: Հոգեւորականի խոսքով. «Պետք է պայքարենք խաղաղության համար եւ խաչով եւ զենքով, այսօր հզոր հայրենիքն է մեր պաշտպանվածության եւ լինելիության գրավականը, միայն այդ դեպքում ցանկացած հարձակում հետ կվանենք, սա յուրաքանչյուր հայորդու առաքելությունն է…Մի օրինակ բերեմ, Ամենայն հայոց կաթողիկոսի կոչով միայն մեկ օրում 350 000 դոլար ենք հանգանակել Արցախի համար, զորակցությունը պետք է շարունակական լինի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ