ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ Արտաքին գործերի նախարար (1996-1998 թթ-ին) Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով`Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը կոնսենսուսի ձևերից մեկն է:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պատասխանելով հարցին` արդյոք հնարավո՞ր է ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել մի սուբյեկտի հետ, որը, ըստ էության, միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, պարոն Արզումանյանը նշեց. «Մեզ պետք է կոնսենսուս գտնել, սա ձևերից մեկն է: Ի դեպ, սա ՀՅԴ առաջարկն է. արդեն տասը տարի է այդ մասին հայտարարում է: Մեծ հաշվով՝ մենք ճանաչում ենք ոչ Ադրբեջանը, ոչ ԼՂՀ-ն: Մենք ճանաչում ենք երկու կողմերը կոնֆլիկտում և կողմերից մեկին աջակցում ենք ամբողջությամբ: Իսկ այն խտրականություն չի դնում միջոցների մեջ, որոնցից մեկն էլ ռազմական օգնությունն է»:
Դառնալով այն հարցին, թե ինչու Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Մենք չենք ուզում ճանաչել, որ չկանխորոշենք, հակառակ դեպքում Ադրբեջանին պիտի ճանաչենք որպես բուբլիկ պետություն, որը չունի իր տարածքային ամբողջականության մի զգալի մասը, իսկ դա բարդ կլիներ»:
Կարդացեք նաև
Ռազմական փոխօգնության պայմանագրի հարցի վերաբերյալ Վահան Փափազյանն ասաց. «Երևի ձև կարելի է գտնել, բայց դա չէ խնդիրը, այլ այն, թե դրա անհրաժեշտություն կա, թե` ոչ: Դրա անհրաժեշտություն գոնե այս պահին ես չեմ տեսնում, բայց հնարավոր է` գործադիր իշխանությունն իրավիճակը ավելի լավ է պատկերացնում»:
Խոսելով միջազգային արձագանքի, մասնավորապես ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի այն հայտարարության մասին, որ «ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, հայկական զորքերը պետք է հեռացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»` պարոն Արզումանյանը փաստեց. «Դուք խոսում եք ոչ թե ԵԽԽՎ դիրքորոշման, այլ Պեդրո Ագրամունտ անուն ազգանունով իսպանացի դեպուտատի դիրքորոշման մասին, որը հայտնի է ազգաբնակչությանը որպես ադրբեջանական լոբբիստ ԵԽԽՎ-ում: Իր տեսակետը, իր մեղքն իր վիզը, չեմ կարծում, որ դա ինչ-որ բան է փոխում: Կան երեք համանախագահ երկրներ, որոնց դիրքորոշումն է կարևոր, և որոնցից մեկն ընդհանրապես տիրապետում է իրավիճակին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի