Հնարավո՞ր է արդյոք հետագայում խուսափել ադրբեջանցիների նմանատիպ ավանտյուրաներից։ Սա հասկանալու համար պետք է հակամարտությունը դիտարկել նաեւ տնտեսական, տեխնիկական տեսանկյունից։ Ադրբեջանի այսպիսի գործողությունների «աղբյուրը» իր տնտեսության եւ զինված ուժերի հագեցվածության վերաբերյալ ցուցանիշներն են։ Ադրբեջանը տարեկան իր զինուժի վրա ծախսում է մոտավորապես այնքան գումար, որքան մեր ամբողջ պետական բյուջեն եւ Ռազմական տեխնիկայի հագեցվածությամբ ու բանակի թվաքանակով էլ Ադրբեջանը էական առավելություն ունի։ Ու այս ցուցանիշները ադրբեջանական «տաք գլուխներին» թույլ է տալիս մերթ ընդ մերթ երազել, թե կարող են մի արագ հարձակում կազմակերպել ու գրավել եթե ոչ ամբողջ Ղարաբաղը, ապա գոնե մի փոքրիկ կտոր։ Ու հետո այդ ռազմական հաղթանակը դարձնել հոգեբանական հաղթանակ եւ դրա վրա կառուցել հետագա գործողությունները։
Եվ ուրեմն այսպիսի ավանտյուրաներից խուսափելու ամենահուսալի ճանապարհը Ադրբեջանին տեխնիկական ու տնտեսական ցուցանիշներում ունեցած առավելությունից զրկելն է։ Այսօր ունենալով հայկական զինուժի ունեցածից զգալի ավելի տանկեր, զրահամեքենաներ, ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, Ադրբեջանի «դուխը» չի հերիքում պատերազմ սկսել եւ բավարարվում է նենգ դիվերսիաներով ու ավանտյուրաներով։ Հիմա պատկերացնենք, որ Հայաստանը ու ԼՂՀ-ն ունեն ավելի շատ ու ավելի արդիական զինտեխնիկա, ավելի շատ զինամթերք, ավելի մեծ բանակ, քան Ադրբեջանը։ Այս պարագայում որքա՞ն հաճախ ադրբեջանական կողմի մեջ ցանկություն կառաջանա ոտնձգություններ իրականացնել հայկական տարածքների նկատմամբ։
Այլ կերպ ասած, հակառակորդին պետք է ճզմել ոչ թե ճակատամարտում, այլ դրանից առաջ։ Ճզմել ոչ միայն մեր զինվորների «դուխով», ժողովրդի մոբիլիզացիայի կարողությամբ, համախմբվածությամբ, այլ նաեւ սպառազինության քանակով, որակով ու երկարատեւ պատերազմներ մղելու տնտեսական կարողությամբ։ Թերեւս կասկածից վեր է, որ այդ պարագայում հակառակորդը ոչ միայն կխուսափի ինչ-որ գործողություններ անելուց, այլ նաեւ նման գործողություններ անելու մասին մտածելուց՝ մտքի ծայրով անցկացնելուց։
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում