Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման նոր` նախնական տարբերակ կա

Ապրիլ 06,2016 17:00

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝
ադրբեջանա-արցախյան հարցի գինը Ռուսաստանի համար շատ է բարձրացել

– Չնայած պաշտոնական Երեւանի հայտարարություններին այն մասին, որ Վիեննայից հասցեական հայտարարություններ են սպասում, երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ խստիվ դատապարտվեցին շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: «Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասված է հայտարարության մեջ: Ինչո՞վ բացատրել այս համառությունը:

– Ներկա պահի դրությամբ Հայաստանի այդ կարգի ակնկալիքները միանգամայն անիրատեսական են՝ համանախագահները չեն կարող անհավասարության նշան դնել հակամարտության կողմ ճանաչված Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, սակայն նրանք կարող են վերանայել խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում դրված սկզբունքները, եթե դրանց փոխարեն շրջանառության մեջ դրվեն այլ՝ իրապես արդյունավետ ու հակամարտ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ընդունված եւ տեւական խաղաղության նախադրյալներն ապահովող նոր մոտեցումներ: Միանգամից շեշտեմ, որ այդ նոր մոտեցումները կարող են մշակվել եւ շրջանառության մեջ դրվել բացառապես հայկական կողմերի ջանքերով, քանի որ նախկինում իրենց իսկ կողմից թույլ տրված բացթողումների արդյունքում ձեւավորված բանակցային օրակարգը միանգամայն համահունչ է պաշտոնական Բաքվի իղձերին եւ հնարավորություն է տալիս վերջինիս խնդիրն իր օգտին լուծել ուժի կիրառման, քաղաքական շանտաժի եւ անդրկուլիսային գործարքների միջոցով: Կարծում եմ, որ մեր ժողովուրդներին իրապես հարկավոր է փոխադարձ թշնամանքի եւ կատարյալ անվստահության հիմքերը վերացնող արդարացի ու արժանապատիվ խաղաղություն, եւ ես այդ հեռանկարը միանգամայն հնարավոր ու իրագործելի եմ համարում:

– Նաեւ հայտարարվեց «համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների ձեռնամուխ լինելու» անհրաժեշտության մասին: Ու գիշերն արդեն համանախագահները պետք է ժամանեին Արցախ: Նկատի ունենալով նախկինի տխուր փորձը, երբ Ադրբեջանը մերժել է բոլոր առաջարկները, որոնք համանախագահները դրել են սեղանին, ի՞նչ երաշխիք, որ որեւէ նոր կամ նախկինից եկող առաջարկ կարող է արդյունավետ քննարկվել:

– Այդպիսի երաշխիք, անշուշտ, չկա եւ չի էլ կարող լինել, քանի դեռ հակամարտության կողմերը տրամագծորեն հակադիր մոտեցումներ ունեն հարցի էության եւ դրա լուծման սկզբունքների եւ առաջնահերթությունների որոշման մասով: Կարելի է ասել, որ այսօր համանախագահներն իրենք էլ են իրենց գործողություններով ավելի շուտ նպաստում ոչ թե իրական խաղաղ կարգավորմանը, այլ ստատուս քվոն պահպանելու կամ չպահպանելու տարբերակներից մեկին նախապատվություն տալու հարցում հապճեպ ու միակողմանի լուծումներին: Անշուշտ՝ ստատուս քվոյի պահպանումը հավասարազոր չէ խնդրի փոխհամաձայնեցված կարգավորմանը, սակայն ստատւս քվոյի խախտումն էլ ոչ թե խնդրի լուծում կտա, այլ կհանգեցնի իրական ու լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման: Այն, ինչ տեղի ունեցավ այս ապրիլի առաջին օրերին, ստատուս քվոյի խախտման փորձ էր, որն առայժմ կասեցվեց, սակայն եթե կարգավորման նոր ուղիների փնտրտուքը արդյունք չտա, այդ փորձը կարող է կրկնվել ու հաջորդ անգամ շատ ավելի աղետալի հետեւանքների հանգեցնել:

– Նկատի առնելով նոր իրավիճակը՝ ի՞նչ նոր առաջարկներ կարող են ի հայտ գալ բանակցային սեղանին:

– Սա առանձին հատուկ խնդիր է: Կարող եմ ասել միայն, որ միանգամայն այլ սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորման առաջարկների նախնական մի տարբերակ կա մշակված, սակայն այն քաղաքական շրջանառության մեջ դնելու համար դեռ որոշ ժամանակ ու մասնագիտական լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ լինելու: Ամեն դեպքում մի քանի ամսվա ընթացքում պահանջված աշխատանքները կարելի է ավարտել:

– Խոսվում է շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին: Դա հնարավո՞ր է:

– Այդ մասին վաղուց է խոսվում, սակայն հարցի շուրջ կողմերի մոտեցումները տարբեր են: Մինչ այժմ այն կարծիքն էր արմատավորված, որ այդ խաղաղապահները չպետք է լինեն համանախագահ երկրներից որեւէ մեկի, ինչպես նաեւ մեր հարեւան պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները: Այդուհանդերձ, եթե ինչ-ինչ պատճառներով հակամարտ կողմերի իշխանությունները հանկարծ որոշեն, որ անվերապահորեն վստահում են, օրինակ, ռուս կամ թուրք խաղաղապահներին, ապա այս պահին ես այդ կարգի որոշումն ի կատար ածելու համար որեւէ առարկայական խոչընդոտ չեմ տեսնում:

– Օրեր առաջ նախագահը հանձնարարել էր ԼՂՀ-ի հետ ՀՀ-ի ռազմական փոխհամագործակցության համաձայնագիր նախապատրաստել, ինչը, ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչման առաջին քայլն է: Հայաստանում արդեն շատերն են խոսում այդ քայլի անհապաղ կյանքի կոչման մասին: Դա անել հիմա՞, թե՞ դեռ սպասել:

– Զինադադարի պայմաններում ՀՀ ու ԼՂՀ միջեւ ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագրի կնքումը դժվար թե ողջունվի համանախագահների կողմից, եւ այդ առումով գոյություն ունեն քաղաքական տեսանկյունից ավելի արդյունավետ քայլերի նաեւ ուրիշ տարբերակներ: Անշուշտ, նախ պետք է համակողմանի վերլուծության ենթարկվի վերջին ռազմական բախումների արդյունքում ձեւավորված նոր ռազմաքաղաքական իրավիճակն ու միջավայրը՝ ցավալի կլինի, եթե, պահի թելադրանքով պայմանավորված, զգացմունքային քայլեր անենք, որոնց գործնական օգուտը կասկածելի է:

– Երեկ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հետ: Առհասարակ, ՌԴ-ի ակտիվությունը նկատելի է: Ինչո՞ւ:

– Լուրեր են շրջանառվում, որ կրակի դադարեցումը հնարավոր եղավ հատկապես Ռուսաստանի իշխանությունների կողմից գործադրված ջանքերի արդյունքում: Նախ՝ գործի անցան ՌԴ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, եւ միանգամայն տրամաբանական էր, որ գործին խառնվեց նաեւ անձամբ նախագահ Պուտինը: Պետք է ընդգծեմ, որ այսօր ադրբեջանա-արցախյան հարցի գինը Ռուսաստանի համար շատ է բարձրացել:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Անցյալ օրը իրեն տեսա , ճեմում էր Հրապարակով , էնպես հանգիստ ու անդարդ, մտքումս ասացի.՚ Է հայ զինվոր ջան, կյանքիդ մեռնեմ, դու շատ մարդկանց դաս ես տալիս՝քաջության, տղամարդկության ու սուրբ գործի: Թվում էր, էս մարդը առաջինը պետք է լիներ Ղարաբաղում, բայց………

  2. Սվետլանա Ավանեսյան says:

    Կարեն, Դուք երևի կգերադասեիք տեսնել նրա «սելֆիները» վիրտուալ տարածքում` Ստեփանակերտի հրապարակից կամ էլ մեր զինվորների կողմից արդեն իսկ ազատագրված դիրքերից` այլևս հերոսացած և «անհանգիստ», բայց գոհ դեմքով: Դա էլ մոտեցում է, ինչն այսօր արդեն իսկ տեղ ունի մեզանում: Իսկ ես կարծում եմ, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Կարծես թե Դուք էլ շատ «դարդոտած» չեք եղել, ելնելով Ձեր տրամաբանությունից, որ հերիք չէ «հանդգնել եք լինել Հանրապետության հրապարակում, դեռ նկատել եք, թե՝ ով ինչ դարդ ունի-չունի»: Մի շահարկեք մեր զինվորների անունը, նրանք պատվով իրենց գործն են անում՝ իրենց տեղում և պետք չէ տանը նստած «նրանց կյանքին մեռնել», դատել-դատապարտել ու ձեռքի հետ էլ անհարգալից վերաբերմունք դրսևորել իրենց գործը ազնիվ և արժանապատվորեն կատարող մարդկանց նկատմամբ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930