Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չէի ասի, թե Պուտինը մատը մատին չի կպշտում»

Ապրիլ 06,2016 16:30

Պատգամավորները՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակի եւ մեր «ռազմավարական դաշնակից» ՌԴ-ի պահվածքի մասին

«Փառք ու պատիվ մեր ժողովրդին: Հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի ու պաշտպանի իր պետությունը: Ոչ մեկի վրա հույս չպետք է դնել»,- ասում է Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանը: Նույն պատգամավորը մեզ հետ զրույցում արդարացնելով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը՝ հիացմունքով էր խոսում մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի մասին, եւ ասում էր, որ Սերժ Սարգսյանը չպետք է համեմատվի Պուտինի հետ, մենք փոքր ազգ ենք, մի խոսքով՝ Պուտինն է, որ կա: Երբ հիշեցրինք իր խոսքերը եւ հարցրինք՝ բա ինչո՞ւ հիմա մեր այդ ռազմավարական դաշնակիցը «մատը մատին» չի խփում, դեռ ավելին՝ հենց իր վաճառած զենքով են կրակում մեզ վրա, Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Ես չէի ասի, թե մատը մատին չի կպշտում: Բայց, այնուամենայնիվ, հայ ազգը իր մեջ պետք է գտնի ուժ՝ իր անկախության, միասնական պայքարի համար: Ցանկացած պետություն նմանատիպ խնդիրներում հետապնդում է իր շահերը, ոչ միայն ՌԴ-ն, այլեւ եվրոպական ողջ երկրներն են այդպես: Իրենց հետաքրքրում են շահերը: Դուք ասում եք՝ ԵՏՄ, բայց ԵՏՄ-ն տնտեսական մի միություն է»:

Մեր դիտարկմանը՝ երբ ԵՏՄ էինք մտնում, Դուք եւ իշխանության մյուս ներկայացուցիչները դա հիմնավորում էիք անվտանգության խնդիրներով, նա արձագանքեց. «Մեր պետությունը շրջափակման մեջ է, եւ ավելի հարմար է մեզ ՌԴ-ի հետ դաշնակից լինել: Կարծում եմ՝ ՌԴ-ն էլ կզգա, որ արդեն ժամանակն է, որ իր դաշնակից պետություններին պետք է սատարի»:

Հարցին՝ հակառակորդը, հաստատված տեղեկատվությամբ, մեզ վրա կրակում է ռուսական «Սմերչ» զինատեսակով, «Սոլնցեպյոկ» են օգտագործում, բա մի հատ մենք չգնա՞նք մեր ռազմավարական դաշնակցին ասենք՝ ասում էիք՝ այդ զենքերով Հայաստանի վրա չեն կրակի, ինչպե՞ս են կրակում, Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Դա մտահոգում է ՀՀ ցանկացած քաղաքացու, որ պատերազմական գոտում կիրառում են այնպիսի զենք, որը գնել են ՌԴ-ից: Բայց որ միանշանակ ՀՀ-ն պարտադրի ՌԴ-ին, որ նման զենք չվաճառի, դա այնքան էլ խելացի չի: Դա ընդամենը բիզնես է, եթե զենք են արտադրում, պետք է վաճառեն»:

«Ես բազմիցս նշել եմ, որ TOC-1-ը, «Սմերչը» ռուսական արտադրության զենքեր են: Ադրբեջանը ռազմատեխնիկայի գրեթե ամբողջ ծավալը, ավելի քան 80 տոկոսը ձեռք է բերել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ից: Դեռ այն ժամանակ, երբ այդ մասին խոսվում էր, շատերը քամահրանքով էին նայում: Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակորդը բառացիորեն օգտագործում է այն ժամանակակից ռուսական ռազմատեխնիկան, որը ձեռք է բերվել վերջին տարիներին, եւ որը մեր «դաշնակցի» կողմից գնահատվում էր որպես բիզնես»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Մեր դիտարկմանը, որ ասում էին՝ պայմանով են տվել, որ մեզ վրա չպետք է կրակեն, «կոդերը» չեն տվել, գաղտնիքները չեն բացահայտել, Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց. «Այն մարդիկ, ովքեր դրա մասին խոսում էին, առնվազն պետք է բարոյականությունից ելնելով լռեն ու գոնե գլուխները կախեն»:
Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ մինչեւ հիմա միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահները համարժեք գնահատական եւ գործողություններ չեն ձեռնարկել, որպեսզի կասեցնեն Ադրբեջանի կողմից այս սանձարձակ ռազմական գործընթացը. «Մինսկի խմբից ակնկալիքներ կան, բայց պետք է նշեմ, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի կողմից նույն հանգի հայտարարություններ են լինում եւ կարծես թե նույն հարթության մեջ են դիտարկում ուղղակի ագրեսորին եւ պաշտպանվող ժողովրդին: Ինչպես միշտ, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը մեր մարտունակ բանակն է, որը պարտադրում է հակառակորդին հետ շպրտվել»:

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ CNN-ի եթերում հարցազրույցը ԼՂՀ արտգործնախարարի հետ հստակ ուղերձ էր, որ ԼՂՀ-ին որպես լիիրավ կողմ են ճանաչում. «Նաեւ տարբեր կոնգրեսականներ դիմել են Օբամային, որպեսզի Ադրբեջանից բացատրություն պահանջի այս բոլորի համար»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930