Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմով վերադարձածը

Ապրիլ 06,2016 16:00

Թե ինչպես Սերժ Սարգսյանը խոստովանեց` «չունենք հզոր հովանավորներ»

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, ՀՀ-ն ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը՝ որպես 1994թ. զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: «Որեւէ, այսպես կոչված, նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ 1994թ. Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարն ուժի մեջ է, եւ Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսեւորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետեւի այդ փաստաթղթի տառին եւ ոգուն: Իմիջիայլոց, կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր իմ կարծիքով՝ հանդիսանում են նաեւ զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ: Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, եւ Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, անկախ նրանից՝ հավանում է նրանց, թե ոչ: Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության եւ գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը»:

Ապրիլի 2-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը, որի նպատակը կայծակնային արագությամբ «առաջանալն» էր, ձախողվեց: Արդեն ապրիլի 5-ին ԼՂ Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ 12:00-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցվել է «երկկողմանի պայմանավորվածությամբ»: Սակայն պարզ էր, որ դա հարաբերական հրադադար է, եւ կրակոցներն ամբողջությամբ չէին դադարելու:

Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ` Պուտինի նախաձեռնությամբ: «Երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Զրուցակիցները կարեւորել են բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա ուղիների որոնման նպատակով: Նախագահ Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: ՌԴ նախագահը կողմերին կոչ է արել պահպանել զինադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել եւ իրականացնելու է անհրաժեշտ միջնորդական քայլեր՝ միտված նպաստելու իրավիճակի կարգավորմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձեւաչափերով»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում:

Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. սա Ռուսաստանից ապրիլի 2-ին հնչած միակ այն հայտարարությունն էր, որը հնչեց ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի կողմից, որը փոքր-ինչ սփոփիչ թվաց հայկական կողմին: Թվաց, որովհետեւ այս հայտարարությունից հետո ռուսական կողմը սահմանափակվում էր չեզոք, բալանսավորված, ստանդարտ հայտարարություններով: Իսկ ռուսաստանյան մեդիայի տարածած նյութերից տպավորություն էր ստեղծվում, թե Ռուսաստանը չի հավատում հայկական կողմի պաշտոնական հաղորդագրություններին, քանի որ ռուսական առաջատար հեռուստաընկերություններն անվերջ հաղորդում էին, թե «Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց են մեղադրում», իսկ Դմիտրի Կիսելյովն էլ իր կիրակնօրյա հաղորդմանն արձանագրում էր` «դժվար է հասկանալ, թե ով է սկսել…», ու անմիջապես ներկայացնում էր իր վարկածը. «Ամենայն հավանականությամբ, Թուրքիան է հրահրել…»:

ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանը կրկին համոզվեց, որ կառույցի վրա հույս դնելն ուղղակի անիմաստ է: Եթե ԼՂ-ում մի քանի օր տեւած ռազմական գործողությունների առիթով չէին կարող Ադրբեջանին քննադատող մի քանի տողանոց հայտարարությամբ հանդես գալ, քանի որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ, ապա ապրիլի 5-ին իրավիճակը թեժացավ նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին, ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների եւ բնակավայրերի ուղղությամբ կիրառեց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Ամենեւին էլ անակնկալ չէր, որ ՀԱՊԿ-ի անդամ երկիր Բելառուսը գերադասեց Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել իրավիճակն ու հիշել երկրների «տարածքային ամբողջականության» պահպանման անհրաժեշտությունը, դե, իսկ ՀԱՊԿ քարտուղարը շարունակ հայտարարում էր, թե ՀԱՊԿ քարտուղարությունը շատ ուշադիր հետեւում է իրավիճակին, որը ստեղծվել է շփման գծում. «ՀԱՊԿ երկրների դիրքորոշումն այս հարցում բազմիցս ներկայացվել է՝ կրակի դադարեցում եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում, իսկ լարվածության շարունակումը հղի է ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անկայունությամբ: Պարզ է մեկ բան՝ բոլորին միայն խաղաղություն է պետք»:

Պատերազմ, որը բռնկվեց Սարգսյանի եւ Ալիեւի ամերիկյան այցից հետո

Ապրիլի 4-ին ՌԴ ԱԳ նախարար եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ արեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նրանք «լուրջ մտահոգություն էին հայտնել ԼՂ-ում լարվածության աճի կապակցությամբ՝ վերահաստատելով ռազմական գործողությունների դադարեցման իրենց վճռական կոչը»: Լավրովն ու Քերին դատապարտել էին որոշ «արտաքին խաղացողների» փորձերը Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խթանելու ուղղությամբ:

Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ այդ գիշեր էլ ադրբեջանական կողմը կիրառել էր ռուսական «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ավելի վաղ ռուսական ТОС (Тяжелая огнеметная система), «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգեր էին օգտագործել:

Ապրիլի 2-ից 5-ը այդպես էլ որեւէ մեկնաբանություն չհնչեց բոլոր այն գործիչների կողմից, որոնք Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին արդարացնում էին Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությամբ, ինչպես նաեւ նրանց կողմից, ովքեր արդարացնում էին Մոսկվայի «բիզնեսը», 5 միլիարդ դոլարի արժողությամբ զենքի վաճառքն Ադրբեջանին` բացատրելով, թե հարձակողական զենքի օգտագործման գաղտնիքները Ռուսաստանը չի տրամադրում Ադրբեջանին:

Բայց ամենաուշագրավ հայտարարությունը հնչեց Սերժ Սարգսյանի կողմից` «Եռաբլուրում», որտեղ նա մասնակցում էր ԼՂ-ի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր Հայրենիքը»:

Այսպես, Ս. Սարգսյանը Ալիեւի սանձազերծած պատերազմի չորրորդ օրը արձանագրեց, որ Հայաստանը չունի դաշնակից, ընդ որում` «հզոր հովանավոր»: Ապրիլի 2-5-ի երեք օրերը բավարար էին՝ հասկանալու, որ Ռուսաստանի նպատակը կրկին ղարաբաղյան կարգավորման գործընթացում «ղեկը» վերցնելն է եւ ամերիկյան ջանքերը երկրորդ պլան մղելը: Պարզապես, հայկական բանակի, հասարակության համախմբվածությունը, կարծես, անակնկալ դարձավ ոչ միայն հակառակորդի համար, այլեւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի:

Ինչո՞ւ Վաշինգտոն այցից հետո Ալիեւը Ղարաբաղում ռազմական գործողությունների դիմելու քայլի դիմեց: Այս հարցի պատասխանը փորձում են շատերը փնտրել:
Ըստ ամենայնի Վաշինգտոնում Ալիեւին նախ ստիպել են համաձայնել շփման գծում սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառմանը, որին նա ոչ մի կերպ չէր համաձայնում: Բացի այդ, Ալիեւը վերջին ամիսներին ակնհայտորեն մեծացրել էր թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե՛ միջազգային հանրության նկատմամբ դժգոհությունը: Նա հայտնվել էր իր իսկ լարած թակարդում, «հզոր բանակի» ու ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարիներ շարունակ հնչած երգին Ալիեւն էլ էր հավատացել՝ վստահաբար ունենալով Թուրքիայի անվերապահ աջակցությունն ու Ռուսաստանի` գոնե տեղեկացվածությունը իրավիճակը լարելու ու հայկական կողմին հանկարծակիի բերելու հարցում:

Ինչ տեղի ունեցավ ամերիկյան հանդիպումների նախօրեին: Մարտի 31-ին մինչ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ամերիկյան կողմի հետ հանդիպումներ էին ունենում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձանագրում է. «Չի կարելի ասել, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի մոտեցումները բոլոր հարցերում նույնն են կամ համընկնում են: Այնուամենայնիվ, մենք հանգուցալուծում ենք փնտրում եւ դրա համար դիվանագիտություն ենք օգտագործում, այն հենց դրա համար գոյություն ունի, որպեսզի տարբեր մոտեցումների դեպքում դրանք մոտեցնի»:

Սա պաշտոնական մակարդակով առաջին արձանագրումն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում երկու համանախագահող պետությունները տարակարծություններ ունեն: Այդ ո՞ր հարցում կան տարաձայնություններ, չէ՞ որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը մինչեւ այժմ համատեղ ստորագրում էին ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները:

Գուցե խոսքը ռուսական առանձին միջնորդության մասին է եւ առանձին առաջարկների՞, որի մասին արդեն մի քանի ամիս հայտարարում է պաշտոնական Բաքուն: Ընդ որում, Ադրբեջանի նախագահն օրերս կրկին խոսեց այդ թեմայով Անվտանգության խորհրդի նիստում` նշելով. «Վերջերս Ռուսաստանի նախագահը եւ ՌԴ ԱԳ նախարարը մյուս համանախագահների հետ հանդես են եկել որոշ առաջարկներով: Մենք դա ողջունեցինք: Այդ առաջարկներում խոսք է գնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին»:

Տպավորություն է ստեղծվում, որ Սարգսյանի ու Ալիեւի վաշինգտոնյան այցի ընթացքում այնտեղ որոշակի պայմանավորվածությունները բացառելու համար Մոսկվան գնաց որոշակի քայլերի: Առաջիկայում, թերեւս, ավելի հստակ կերեւան ռուսական կողմի ձգտումները:

Սակայն ուշագրավ էր մարտական գործողությունների երրորդ օրը` ապրիլի 4-ին, Վաշինգտոնի արձագանքը: ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Թոները փաստեց, որ Վաշինգտոնը պնդում է, որ ԼՂ խնդիրը պետք է արդար լուծում ստանա՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնագրքի եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Դա նշանակում է ՝ հաշվի առնել առաջին հերթին ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները՝ նշել էր Թոները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Հայաստանի պարագայում միակ ելքը դա չեզոքությունն է բոլոր տեսակի խմբավորումներին՝ իրականում գոյություն ունեցող, թե միայն թղթի վրա գրված: Նախագահի նախապես հայտարարված “և, և”-ը միանգամից դարձավ “կամ, կամ”: Հիմա նախագահը,երբ գործնականում անձամբ համոզվեց ԵՏՄ, ՀԱՊԿ կոչված ֆանտոմների “արդյունավետության” մեջ, խոստովանեց, որ մենք պատրանքներ չունենք: Պարզվեց, որ միակ ԻՐԱԿԱՆԸ ազգի ներուժն է: Հիմա գործող իշխանությունը Քրիստոսի երկրորդ գալուստը պիտի տեսնի, որ նոր հասկանա, որ ՄԻԱԿ ելքը ազգային շահերից ելնող քաղաքականություն վարելն է: Ամոթ է, որ իշխանությունների կողմից ազգաբնակչության ճնշումները այն աստիճան են, որ երկու միլիոնանոց Հայաստանի կեսը աղքատ է, երբ արտասահմանում մի խումբ հայեր կարող են դառնալ տվյալ երկրի ամենահարուստ գործարարները: Ազգի ներուժը կա, հիմա մնում է վերացնել այդ ներուժի ճնշումը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930