Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք հրադադարն ընդունել էինք խնդրի լուծման տեղ»

Ապրիլ 06,2016 15:30

Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երկկողմանի որոշմամբ կրակը դադարեցվել է, չնայած դրան՝ Ադրբեջանը շարունակում էր կրակ արձակել, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ: Ապա հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ դատապարտեցին շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները, ցավակցեցին բոլոր տուժած ընտանիքներին ու կողմերին հորդորեցին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը. «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը»:

Մինչ այս հայտարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում ԼՂՀ-ում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Սասուն Մկրտչյանի հուղարկավորության արարողության ժամանակ ասել է. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր Հայրենիքը»:

Սերժ Սարգսյանի խոստովանությունն աննախադեպ էր. ի՞նչ կարելի է սպասել այս իրադարձություններից հետո, ըստ էության, զինադադար չկա, ոչինչ պարզ չէ: Կյանքը ցույց է տվել, որ միջազգային կառույցների հայտարարությունները զսպաշապիկ չեն Ադրբեջանի համար:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Այո, ոչինչ պարզ չէ, նույնիսկ պարզ չէ՝ զինադադար կա, թե ոչ: Իմ կարծիքով՝ դժվար կլինի զինադադարը երկար ժամանակով հաստատել, որովհետեւ կողմերից որեւէ մեկը չի հասել իր ուզածին: Այսինքն՝ Ալիեւը չի հասել ինչ-որ մի շլացուցիչ հաղթանակի, ինչի համար այս ամենը սկսեց, Սերժ Սարգսյանը չի հասել «ստատուս քվոյի» հաստատմանը, ինչը կարող է խնդրահարույց լինել նախընտրական տարում: Այս առումով, քանի որ ցանկությունները չեն համընկել, դժվար է կանխատեսել՝ այս հրադադարը երկար կտեւի՞»:

Պարոն Ենոքյանն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ ասում է, որ դա հերթական հերթապահ հայտարարությունն էր, բայց կարեւորն այն է, որ տեղի է ունեցել Մինսկի խմբի նիստ, եւ սա նշանակում է, որ կմտածեն նոր առաջարկների, խնդիրների հանդեպ նոր մոտեցումների մասին:

Ենոքյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ յուրաքանչյուր երկիր շարժվի իր շահերով՝ Հայաստանն ունի իր շահերը, Ադրբեջանն՝ իր, Ռուսաստանն՝ իր. «Ամեն մեկը փորձում է շարժվել իր շահերով, կհամընկնեն, ուրեմն կլինի լուրջ առաջխաղացում, չեն համընկնի, ուրեմն ամեն մեկը կփորձի շարունակել շարժվել իր շահերով»: Մեր դիտարկմանը, որ երկար տարիներ է՝ այդ շահերը չեն համընկնում, ի՞նչ պետք է եւ կարող է անել Հայաստանը, Ենոքյանն ասաց. «Այս պատերազմի մասին երբ խոսակցություններ են գնում, քննարկումներ են անում, թե՝ Ադրբեջանն էր մեղավոր, Թուրքիան էր մեղավոր, Ռուսաստանն էր մեղավոր, ես կարծում եմ՝ հիմնական մեղքն այն է, որ չկա խնդրի քաղաքական լուծում: Մենք հրադադարը ընդունել էինք խնդրի լուծման տեղ: Այս առումով Հայաստանը նույնպես մեղավոր է, որովհետեւ Հայաստանին թվում էր, թե ունենալով հրադադար՝ ինքն ունի քաղաքական լուծում: Մենք ակնհայտորեն չենք հասկացել, թե ինչ շահեր կունենանք այս խնդրի լուծումից, մյուս կողմից՝ այստեղ լուրջ քննարկումներ են պետք, լուրջ շահագրգիռներ են պետք, որ մենք հասկանանք, թե ղարաբաղյան խնդրի լուծումից հետո ինչ է լինելու Հայաստանի հետ: Եվ այսուհետեւ նոր մտածենք՝ ղարաբաղյան խնդրի ո՞ր լուծումից հետո: Փաստորեն, մենք մինչեւ հիմա սովորել ենք գոյատեւել չլուծվող խնդրի պայմաններում, կիսապատերազմական պայմաններում, եւ հիմա մի ամբողջ սերունդ մեծացել է այդ պայմաններում»:

Արդյոք «ստատուս քվոն» խնդրի լուծում չէ՞, արդյոք ժամանա՞կն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախութունը, ինչպես որ որոշ քաղաքագետներն են ասում, Սերժ Սարգսյանն էլ է ակնարկել է այդ մասին, մեր այս հարցերին ի պատասխան՝ Աղասի Ենոքյանն ասում է, որ Ղարաբաղի հիմնահարցի ամբողջ բանակցություններն ուղղված են ստատուսին, եւ սա է պատճառը, որ մինչեւ հիմա Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը. «Եթե ճանաչում ես, ուրեմն բանակցություններից դուրս ես գալիս, որովհետեւ բանակցությունների հիմնական առարկան դու քո համար լուծել ես: Եվ եթե բանակցություններ չկան, մնում է պատերազմը: Հիմա հարցը հետեւյալն է՝ արդյոք սա պատերա՞զմ է, անընդհատ, շարունակական պատերա՞զմ է, եւ մենք այլ ելք չունե՞նք, քան ճանաչել Ղարաբաղը: Եթե այդպես է, ուրեմն՝ այո, կարելի է ճանաչել, չնայած դրանով որեւէ հարց չենք լուծում, մենք ենք ճանաչում ու վերջ: Բայց եթե մենք չենք ճանաչում, թողնում ենք ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրով, որ հիմա քննարկվում է, եւ եթե այս ուղղությամբ ենք շարժվում, մենք ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը, բայց բանակցությունների դուռը չենք փակում»:

2013-ին երբ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին, իշխանությունները հիմնավորում էին մեր երկրի անվտանգությամբ, հիմա ԵՏՄ-ում մենք այնքան էլ անվտանգ չենք՝ մեր այս դիտարկմանն էլ Ենոքյանն այսպես արձագանքեց. «Սերժ Սարգսյանի ընտրությունն այդ հարցում քիչ էր, ինչ էլ ընտրեր՝ ԵՏՄ, թե Եվրոպա, հրապարակում կար կանգնած պրոռուսական ընդդիմություն, եթե Սերժ Սարգսյանը ընտրեր ԵՄ-ն, ընդդիմությունը կգար ու կգրավեր իշխանության տեղը: Հայաստանի համար առանց Սերժ Սարգսյանի էլ ճակատագիրը պարզ էր՝ Ռուսաստանի հետ լինելն էր: Հայաստանն ընտրելու հնարավորություն չուներ, այստեղ հարցն է այն է՝ Սերժ Սարգսյանն ուզո՞ւմ էր մնալ իշխանության: Երբ ասում էին՝ անվտանգության խնդիր, դա Սերժ Սարգսյանի անվտանգության խնդիրն էր, ոչ՝ Հայաստանի: Խնդիրն այն է, որ իշխանությունը լեգիտիմությունը ստանում է ոչ թե ժողովրդից, այլ Կրեմլից»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930