Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդին երաշխիքներ են պետք

Ապրիլ 06,2016 10:32

Անցյալ շաբաթ առավոտյան աշխարհն արթնացավ Ադրբեջանի կողմից փոքրիկ Արցախի վրա լայնածավալ հարձակման մասին տարածված լուրից:

Այս հարձակումն անակնկալ չէր… Տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վատ սովորություն է որդեգրել՝ ռազմական հարձակումներ ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ միջազգային խաղաղ բանակցությունների կամ գագաթնաժողովների անցկացման օրերին:

Այս երկարատև հակամարտության նույնիսկ կողմնակի դիտորդը կարող էր կռահել, որ Ադրբեջանը նորից հարձակում կձեռնարկի անցյալ շաբաթավերջին նախագահ Օբամայի կողմից կազմակերպված Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցում էին 50 պետությունների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Որոշ դիտորդներ զարմացել էին ադրբեջանական լայնածավալ հարձակումից՝ տանկերի, ուղղաթիռների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ: Իրականում, այս հարձակման տարողությունը չպետք է անակնկալ լիներ, հաշվի առնելով վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ավելի առաջադեմ զենքերով հարձակումների զարգացումը: Խաղաղ բանակցությունների կամ միջազգային համաժողովների ժամանակ ռազմական հարձակումներ սկսելու Ալիևի չարամիտ սովորությունն արտացոլում է նրա համառ ջանքերը՝ Արցախյան հակամարտությունն ամեն գնով օրակարգում պահելու համար:

Անկասկած, գնալով աճում է Ալիևի հիասթափությունը իր անզորությունից, որ չի կարող պարտադրել հայերին զիջելու Արցախի տարածքները՝ չնայած Ադրբեջանի կողմից միլիարդավոր դոլարների ժամանակակից զենք ձեռք բերելուն: Ալիևը նաև հուսահատված է, որ չի կարողացել իր երկրի հսկայական նավթային ու գազային պաշարներն օգտագործել որպես լծակ՝ աշխարհի ղեկավարների վրա ճնշում գործադրելու, որպեսզի ստանա նրանց աջակցությունը Արցախյան հակամարտության մեջ: Որպես հետևանք, Բաքվի բռնակալը մսխել է իր երկրի հսկայական հարստությունը օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու և թանկարժեք, բայց անարդյունավետ զենքեր գնելու համար:

Բացի այդ, որպես Ադրբեջանի նախագահական գերդաստանի հայր և որդի, Ալիևները ավելի քան 20 տարի շարունակ սպառնում էին հարձակվել և «ազատագրել Ղարաբաղի գրավյալ տարածքները»: Քանի որ նրանց դատարկ խոստումները երկար ժամանակ չէին իրականանում, շատ քիչ ադրբեջանցիներ էին լրջորեն ընդունում իրենց նախագահի հոխորտանքները: Հետևաբար, Ալիևը ճարահատյալ, պետք է բոլոր հնարավոր միջոցների դիմեր, անկախ դրանց անխոհեմությունից, որպեսզի փրկեր իր դեմքը երկրի ներսում և դրսում…

Կարևոր է հասկանալ Ալիևի ագրեսիվ վարքագծի ժամանակի ընտրությունն ու շարժառիթը, որպեսզի այլ երկրներ չմեղադրվեն այդ հարձակումները հրահրելու համար՝ ուշադրությունը շեղելով միակ մեղավոր կողմից՝ Ադրբեջանից… Սակայն կան այլ երկրներ, որոնք ունեն իրենց մեղքի բաժինը. դրանցից առաջինը Էրդողանի Թուրքիան է՝ Ադրբեջանի ռազմական արկածախնդրություններին իր անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) նույնպես մեղավոր են՝ ադրբեջանական նախորդ հարձակումների ժամանակ լուռ մնալու և ամեն անգամ, Հայաստանի ու Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ երկու կողմերին էլ մեղադրելու համար: Միջազգային հանրությունն իր ամոթալի լռությամբ և երկդիմի բառախաղերով հերթական անգամ զոհին ու դահիճին հավասարեցնելով, քաջալերում է ռազմատենչ Ալիևին…

Վերջին հարձակման ժամանակ արձանագրված հատկապես մի զարհուրելի դրվագ հաստատեց բոլոր նրանց մտահոգությունը, որոնք տարիներ շարունակ զգուշացնում էին արցախահայությանը սպառնացող ցեղասպանության մասին: Շաբաթավերջին, երբ ադրբեջանցի զինվորները ժամանակավորապես վերցրել էին Արցախի հենց սահմանին գտնվող Թալիշ գյուղը, նրանք ոչ միայն գնդակահարել էին տարեց հայ զույգին, այլև բարբարոսաբար կտրել նրանց ականջները որպես հուշանվեր… Ըստ միջազգային օրենքի՝ նման վայրագությունն առնվազն պատերազմի հանցագործություն է: Պարզապես պատկերացրեք, թե այս դաժան ադրբեջանցի զինվորները ինչ կանեին հայ ազգաբնակչության հետ, եթե նվաճեին ամբողջ Արցախը. հսկայածավալ արյունահեղություն կլիներ՝ երկրորդ Հայոց ցեղասպանություն…

Ադրբեջանական այս վերջին խոշոր հարձակումից հետո պետք է երեք խիստ հետևություն անել.

1) Արցախի հայերը երբեք չեն կարող ապրել Ադրբեջանի բռնապետական տիրապետության տակ, անկախ նրանից, թե Իլհամ Ալիևը քանի անգամ կսպառնա կամ կհարձակվի:

2) Հայերը պետք է ոչ միայն արժանի հակահարված տան ադրբեջանական ուժերին, այլև այնպիսի վիթխարի վնաս հասցնեն, որ Ալիևի մտքով այլևս չանցնի մեկ այլ հարձակում կատարել: Արցախը պաշտպանելու համար արդեն հազարավոր կամավորներ են մեկնել ամբողջ Հայաստանից: Ադրբեջանը քաջատեղյակ է, որ իր միլիարդավոր դոլարների նավթահանքերն ու խողովակաշարերը հեշտությամբ կարող են հասանելի լինել Հայաստանի հեռահար հրթիռների համար…

3) Ժամանակն է Արցախը հայտարարել Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս: Ապրիլի 4-ին Երևանում նախագահ Սարգսյանը հայտնեց օտարերկրյա դեսպաններին, որ ռազմական գործողությունների շարունակման և սրման դեպքում Հայաստանը «կճանաչի Ղարաբաղի անկախությունը»:

Արցախի խիզախ ժողովրդին անհրաժեշտ է մեր բոլորի բարոյական, քաղաքական և նյութական աջակցությունը: Գլենդելի «Հայաստան Արցախ հիմնադրամը» երախտագիտությամբ ընդունում է ձեր նվիրատվությունները, որպեսզի հնարավոր լինի առաքել միլիոնավոր դոլարների խիստ անհրաժեշտ դեղորայք և այլ բժշկական միջոցներ, որոնք արդեն հավաքվել են Հիմնադրամի կողմից: Խնդրում եմ ուղարկել ձեր նվիրատվությունները հետևյալ հասցեով. Armenia Artsakh Fund, 1101 N. Pacific Ave., #204, Glendale, CA 91202: Էլեկտրոնային փոստ. [email protected], հեռ. 818-241-8900:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930