Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայ զինվորին արիություն եւ քաջություն չեմ ուզում մաղթել, քանի որ դրանց կարիքը եւ պակասը չկա»

Ապրիլ 06,2016 14:30

Հարցազրույց Մայր աթոռի Հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ գերաշնորհ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հետ:

-Սրբազան, հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմի այս ընթացքում մեր հոգեւորականները շփման գոտում հայ զինվորի կողքին են, ոգեւորում են, աղոթում նրանց համար՝ միեւնույն ժամանակ ձեռքում ամուր պահելով զենքը…

– Հայ զինվորի կողքին կանգնելու ավանդույթը խորը պատմական արմատներ ունի, այն հասնում է մինչեւ Դ դար: Սակայն մինչեւ այս ավանդույթի մասին խոսելը պետք է նկատել, որ մեր քրիստոնեական գիտակցության մեջ հավատքն ու հայրենիքը միեւնույն հարթության վրա են գտնվում, պատահական չէ, որ Դ դարի կաթողիկոս Ս. Վրթանեսը սրբացրեց հայրենիքի համար ընկածներին: Իսկ Վարդանանց պատերազմն արդեն ձեւավորեց մի ավանդույթ, որը ուղենշային դերակատարություն ունեցավ հայ ժողովրդի պատմության ընթացքում, այն այսօր էլ առաջնորդում է հայ զինվորին մարտի դաշտում:

– Փաստորեն, մեր պատմության հետ ենք ժառանգել: Իսկ խորհրդային կարգերի՞ ժամանակ…

– Խորհրդային կարգերի ժամանակ եկեղեցին այդքան հզոր չէր: Եկեղեցին շատ հոգեւորականներ չուներ, սակայն անկախության վերականգնումից հետո հիմնվեց բանակի հոգեւոր հովվությունը: Մասնավորապես՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի շրջանում բանակի հոգեւոր առաջնորդությունն ավելի ամրապնդվեց, կնքվեցին պայմանագրեր պաշտպանության նախարարության հետ, որն այսօր դարձել է մեր եկեղեցու առաքելության անբաժանելի մի մասը՝ լինել հայ զինվորի կողքին:

– Անդրադառնալով այսօրվա չհայտարարած պատերազմին՝ դուք տեղեկություն ունե՞ք, թե քանի հոգեւորական է ծառայում բանակում եւ մեկնաբանեք, խնդրեմ, Մայր աթոռի դերն այս օրերին:

– Նախ նշեմ, որ Հայոց բանակում վաթսունից ավելի հոգեւորականներ են ծառայում իբրեւ սպասավորներ, որոնց առաքելությունն է ամուր պահելու հայ զինվորի մարտական ոգին, նպաստելու նրա քրիստոնեական գիտակցության պահպանմանը հատկապես պատերազմական իրավիճակում: Վստահաբար այս գործոնին պետք է վերագրել այն իրողությունը, որ հայ զինվորները մարտի դաշտում միշտ պահպանել են պատերազմի էթիկան՝ ի տարբերություն ազերի ահաբեկիչների, որոնք վերջին դեպքերին վերստին իրենց դրսեւորեցին իբրեւ վայրագ եւ բարբարոս՝ կտտանքների ենթարկելով երկու ծեր ամուսինների, որոնց նկարներն արդեն արտասահմանյան մամուլում են հայտնվել:

Ինչ վերաբերում է Մայր աթոռի դերակատարությանը, ապա վստահ եմ, որ կարիք չկա ավելորդ անգամ կրկնելու, որ Հայոց եկեղեցին իր հովվապետի առաջնորդությամբ մինչեւ վերջ ժողովրդի կողքին է, ավելին՝ նրան քաջալերում եւ հուսադրում է երբեւէ տեղի չտալ թշնամու սադրանքներին, սա այսպես է եղել հարյուրամյակներ շարունակ: Էջմիածինն ամեն վայրկյան հետեւում է սահմանում տեղի ունեցող զարգացումներին: Միաբաններից արդեն ցանկություն հայտնողներ են եղել մարտադաշտ մեկնելու, վստահ եմ, երբ պահը հասունանա, Հայոց եկեղեցու ողջ հոգեւոր դասը զենքը ձեռքին կպաշտպանի մեր հայրենիքը, մինչեւ վերջին շունչը կմարտնչի թշնամու դեմ:

– Հոգեւորականներն ինքնակա՞մ են գնում բանակ:

– Հոգեւորականները նշանակվում են Հայոց բանակում, որպես հոգեւոր սպասավորներ, քարոզիչներ, ովքեր ապրում եւ կիսում են նույն զինվորի կյանքը: Հակառակ այն բանի, որ նրանք որպես հոգեւորականներ են ծառայում բանակում՝ բազմիցս լսում ենք, որ հաճախ զինվորի հետ զենքը ձեռքին հսկում են հենակետերը:
Իհարկե, այս պահին մարտի դաշտում նույնպես կան հոգեւորականներ, վստահ եմ՝ Արցախի թեմի հոգեւոր դասից նույնպես կլինեն մասնակիցներ, ինչպես որ ժամանակին է եղել: Համացանցում, ի դեպ, հրապարակվել էր երկու հոգեւորականի նկար՝ զենքերը ձեռքներին, մեկնաբանության մեջ ասվում էր, որ չկա ավելի հուզիչ բան, քան երբ հայ հոգեւորականն իր զինվորի կողքին է:

Նշեմ նաեւ, որ վերջին շրջանում Արցախում ծառայող երիտասարդ սարկավագներից Հովհաննես Գալստյանը, որ նախանցած տարի էր ավարտել ճեմարանը, գլխի հատվածում վիրավորվեց թշնամու գնդակից: Այսօր նա հպարտորեն շարունակում է իր սպասավորությունն այն վեհ գիտակցությամբ, որ հոգեւորականի պարտքն է լինել իր ժողովրդի հետ, ամենադժվար պայմաններում:

Այս առիթով ուզում եմ հիշել Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցի պատմությունից մի հիշարժան դրվագ: Դպրանոցը հիմնադրվել է ներկայիս Հայրապետի կողմից, ինքն էլ հանդիսանում էր վերատեսուչը: 1992-1993 թվականներն էր, երբ դաժան մարտեր էին ընթանում Արցախն ազատագրելու համար՝ Դպրանոցի սաներից մի խումբ մոտենում է Գարեգին Սրբազանին, թույլտվություն խնդրում, որպեսզի գնան Ղարաբաղ՝ մասնակցելու կռվին: Վեհափառ Հայրապետը տարիներ հետո միշտ հպարտությամբ է հիշում այս դրվագը, նշելով, որ իր համար սկզբնապես լուրջ մտորումների տեղիք է տվել սաների խնդրանքը, երկար մտածելուց հետո որոշել է սաներին հորդորել առայժմ ձեռնպահ մնալ, իրենց հայրենասիրությունն ուսման միջոցով արտահայտել, երբ պահը հասունանա, ապա անպայման իրենք էլ մասնակից կլինեն մեր ժողովրդի պայքարի սրբազան գործին: Ես վստահ եմ, որ այս ոգին այսօր էլ մեր հոգեւոր կրթական բարձրագույն հաստատությունների սաների մեջ գործուն է: Ի դեպ, քիչ առաջ զանգահարեց Գեւորգյան ճեմարանի տեսուչը եւ ասաց, որ սաները ոտքի են ելել ռազմաճակատ մեկնելու վճռականությամբ, այս պահին հանդարտեցրել ենք նրանց, խոստանալով, որ իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը չի անտեսվի, եթե առիթ ներկայանա:

Ես հավատում եմ, որ մեր բանակը հաղթանակով է դուրս գալու նաեւ այս վիճակից: Տեսնում եմ, որ մեր ժողովուրդը նույնպես շատ կազմակերպված է, հակառակ մեր նահատակների, մենք բարձր գիտակցություն ունենք, եւ այդ գիտակցության շնորհիվ հաղթանակելու ենք: Մենք հաղթելու ենք անկախ այն բանից, թե թշնամին ինչ հզոր զենքեր ունի այսօր, վստահ եղեք, որ պարտություն է կրելու, որովհետեւ ոգի չունի, իսկ մեր ժողովուրդը ունի անկոտրում ոգի եւ պայքարելու կամք:
Մեկ անգամ եւս առիթն օգտագործելով՝ ուզում եմ շեշտել, որ այն մարդիկ, որոնք ասում են, թե հայ ժողովուրդը չի կարողանում համախմբվել, ուղղակի փորձում են պառակտել մեր ազգը: Պատմությունը փաստում է, որ ցանկացած վտանգի դեպքում հայը կարողացել է համախմբվել եւ մի կողմ դնել այլ հարցերի շուրջ եղած տարաձայնությունները: Սա շատ դրական երեւույթ է եւ արժանի է բարձր գնահատականի, մանավանդ՝ այսօր:

– Ձեր մաղթանքը:

– Հայ զինվորին արիություն եւ քաջություն չեմ ուզում մաղթել, քանի որ դրանց կարիքը եւ պակասը չկա, այլ միայն հաղթանակ եմ մաղթում: Աղոթում եւ խնդրում եմ Բարձրեալ Աստծուն, որ պատերազմը շուտով ավարտվի, յուրաքանչյուր հայ զինվորի կյանքը մեզ համար թանկ է:

 
Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930