Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքը ցույց է տալիս, որ ամեն ժողովուրդ ինքը մենակ է իր խնդիրների հետ»

Ապրիլ 06,2016 14:00

Մտավորականները հույսը մեր ժողովրդի ու մեր բանակի վրա են դնում

Այս օրերին բոլորը լարված հետեւում են յուրաքանչյուր լուրի, որ վերաբերում է ադրբեջանական սադրանքներին ու մեր զինվորների համապատասխան գործողություններին: Ցավոք, ունեցանք նաեւ կորուստներ, բայց հերթական անգամ փաստվեց, որ հայի ոգին հնարավոր չէ ընկճել, եւ մեզ համար Արցախն ու Հայաստանը հայրենիք են, եւ ոչ թե զուտ տարածք:

Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցել է ճանաչված արվեստագետների հետ:
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը նշում է. «Եվ տագնապի, եւ սպասումների զգացողություն ունեմ, ցավոք, այդքան ինֆորմացված չենք… Իմիջիայլոց, երբ Ֆեյսբուքում գրառումներ եմ կարդում, թե էսքան թշնամի են ոչնչացրել եւ այլն, դա էլ է վրաս ազդում, որովհետեւ մենք էլ կորուստներ ունենք, որոնք անդառնալի են, անվերականգնելի: Այնպիսի աշխարհաքաղաքական զարգացումներ են, դա էլ ենք հասկանում: Ուղղակի ափսոս է, որ մեր ջահելները դեռ կյանք չմտած, կյանքից հեռանում են՝ հայրենիքը պաշտպանելիս: Դա ժողովրդի բան չէ, մեծ քաղաքականության խնդիր է ու քաղաքագետների սարքած հերթական սադրանքն է, ես չգիտեմ էլ՝ որտեղից է գալիս, բայց հույս ունենանք, որ մեր ժողովուրդը հերթական անգամ պատվով դուրս կգա, մեր բանակը նույնպես: Ինձ շատ ուրախացնում է այսօրվա միասնականությունը, որ բոլորը քաղաքական թոհուբոհը թողեցին մի կողմ, եւ բոլորի դարդուցավը դարձել է մեր ազգի, երկրի սահմանների պաշտպանությունը: Նաեւ քաղաքական ուժերի միասնական հայտարարությունները, միասնական գործունեությունը, պահվածքը, մեր զինվորների կողքին կանգնելը ոգեւորիչ է: Այդ բոլորը մեզ ուրախացնող փաստեր են, ու շատ լավ կլինի, որ հետագայում էլ միասնական լինեն, դա կնպաստի մեր երկրի հզորությանը: Մեր երկրի ապահովությունը հենց այդտեղ է, չգիտես ինչու, մենք հայացքներս միշտ ուղղել ենք միջազգային հանրությանը, ուրիշ երկրներին, բայց կյանքը ցույց է տալիս, որ ամեն դեպքում ամեն ժողովուրդ ինքը մենակ է իր խնդիրների հետ, եւ միայն մեծ, հզոր հայրենիք ունենալու դեպքում մենք ավելի ապահով կլինենք, ու հենց այդ պարագայում մեզ հետ հաշվի կնստեն: Ցավոք, բավականին կորուստներ ունենք, հնարավոր է՝ էլի լինեն: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Խոնարհվում եմ մեր զինվորների, մեր բանիմաց զինվորական ղեկավարների առաջ, Աստված տա, որ պատվով հաղթահարեն այս անգամվա դժվարությունը եւ պատերազմը նույնպես: Սա սադրանք է, որը չգիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում, բայց մերոնք պատվով դուրս գան՝ առանց կորուստների»:

Հայագետ եւ լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն ասում է. «Դժվարանում եմ… Վախենում եմ հատկապես պաթետիզմից, չսիրածս բանն է»:

Նախիջեւանագետ Արգամ Այվազյանը եւս հուզված է. «Իմ խոնարհումը բոլոր այն զինվորներին ու սպաներին, որոնք թշնամու գնդակից զոհվեցին՝ հանուն հայրենիքի, համբերություն իրենց հարազատներին, դա մեր բոլորի ցավն է»:
Պարոն Այվազյանը նաեւ հավելում է. «Այս մի քանի օրվա ընթացքում ժողովրդի ոգին նորից բարձրացավ, ինչպես Արցախյան պատերազմի տարիներին: ՀՀ իշխանությունները՝ հանրապետության նախագահից սկսած, պետք է միահամուռ ոտքի կանգնած ազատամարտիկների, շարքային քաղաքացիների հույսը, հավատը էլ չկոտրեն: Պատերազմը կավարտվի մի քանի օրից, մի շաբաթից, բայց այս ոգեւորությունը, որ կա մեր ժողովրդի մեջ, իշխանությունները պետք է կարողանան տեր կանգնել ու զարգացնել այս տարածքի վրա, աշխատանք տան բոլորին, որ արտագաղթ չլինի, եւ վերացնեն կոռուպցիան, որ մեր երկիրը հզորանա»:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930