Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Դոպինգի դեմ պայքարը իմ սկզբունքային նպատակներից է»

Ապրիլ 06,2016 13:30

Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության վեհաժողովը:

Մեր երկիրը երրորդ անգամ է հյուրընկալում այս հավաքը եւ այս անգամ դրա այստեղ անցկացնելը կապված է այն բանի հետ, որ Հայաստանն ընտրվել է այս կազմակերպության նախագահ:

Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար Արեգ Հովհաննիսյանի խոսքերով համաժողովի առանցքային հարցն Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության անդամ երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելն ու խորացնելն է: «Քանի որ իրավիճակն այնպիսին է, որ անդամ յոթ երկրներից միայն երկուսը՝ Վրաստանն ու Հայաստանն են բարձր մակարդակով աշխատում, գագաթաժողովի նպատակը նաեւ այն է, որպեսզի մենք օգնենք մեր մյուս գործընկերներին՝ իրենց գործունեության մակարդակն էլ բարձրացնել:

Այս տարվա մայիսին Վրաստանում կազմակերպվելու է ուսումնական խոշոր հավաք, որի իմաստը նաեւ արյան թեստավորման հնարավորությունն ավելացնելն է», – ասաց պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը: Նա նաեւ հրապարակեց, թե ինչի համար է Ադրբեջանը հեռացվել ԱԵՏՀ կազմակերպությունից: «Այս վեհաժողովին մասնակցող Եվրոպական մասնաճյուղի տնօրենի խոսքերով, Ադրբեջանը սպորտում շատ մեծ ամբիցիաներ ունի: Եվ եթե այդպիսի ամբիցիաներ ունեցող երկիրը, որն իր մոտ միջազգային խոշոր մրցումներ է կազմակերպում, բայց չունի հակադոպինգային նորմալ, ընդհանրապես աշխատող կազմակերպություն, նրան պետք է պատժել եւ պատիժը այն է, որ Ադրբեջանը հեռացվեց մեր տարածքային կազմակերպությունից: Այսինքն, Ադրբեջանը զրկվել է ՎԱԴԱ-ի կողմից ցանկացած ֆինանսական եւ այլ օգնությունից: Ի դեպ, նրանց դոպինգային կազմակերպության ղեկավարը՝ Իրադա Ռուստամզադեն, որն անգամ անգլերեն չգիտի, շատ կապված էր Մոսկվայի լաբորատորիայի հետ: Եվ այդ լաբորատորիան փակելուց հետո Ադրբեջանը զրկվեց նաեւ կողմնակի, գաղտնի անալիզներ անելու հնարավորից»:

Վեհաժողովի աշխատանքներին ներկա էր նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա, ողջունելով Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության վեհաժողովի մասնակիցներին, ասաց, որ տարեցտարի դոպինգի դեմ պայքարի խնդիրներն ու ծավալները մեծանում են: «Դուք, հարգելի հյուրեր, այսօր այստեղ եք, որպեսզի կարողանանք միասնաբար այդ խնդրին կարգավորում տալ: Սա մեր երկրի, ՀԱՕԿ-ի նպատակն է, որպեսզի կարողանանք ամբողջ աշխարհում ապահովել արդար մրցակցություն եւ առողջ ապրելակերպ: Քիչ առաջ ձեզ մի կարճ ֆիլմ ցուցադրվեց, որում դուք տեսաք, որ մեր մարզիչների եւ մարզիկների ամբողջ աշխատանքը ուղղված է դրան: Ես ինքս մարզիկ եմ եղել եւ իմ փորձով մարզիկներին ապացուցում եմ, որ արհեստականորեն ձեռք բերված ուժը արդար ու ճիշտ չէ, ժամանակավոր է, որ դա հակասում է օլիմպիական գաղափարներին, որ արհեստական խթանիչներն ու արգելված դեղամիջոցները վնաս են հասցնում ոչ միայն իրենց ներկային, այլեւ՝ ապագային, որ դրանք ազդելու են նրանց սերունդների վրա: Մենք մեր մարզիկներին բացատրում ենք, որ մարդը կարող է իր բնական ուժով պայքարել եւ հաղթել: Դրա համար հարկավոր է հավատալ սեփական ուժերին, կարողություններին եւ աշխատել: Ես երբեք որեւէ արգելված դեղամիջոց չեմ օգտագործել եւ դոպինգի դեմ պայքարն իմ սկզբունքային նպատակն է:

Մենք՝ ՀԱՕԿ-ը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որոշում ենք կայացրել. եթե որեւէ մարզիկ երբեւէ որեւէ արգելված դեղամիջոց կամ խթանիչ օգտագործի, նա եւ նրա մարզիչն իրենց ցանկությամբ հրաժարական են տալու եւ այդ մարզիչը մեր երկրում մարզիչ աշխատելու իրավունքից զրկվելու է: Մարզիչը պետք է կարողանա դաստիարակել իր սանին, բացատրել, որ անարդար պայքարը մշտական չէ, ազնիվ չէ:

Ձեզ մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Հույս ունեմ, որ առաջիկա երկու օրերին, քանի դեռ այստեղ եք, կայցելեք նաեւ մեր նորակառույց Օլիմպավան, որտեղ ոչ միայն մարզվելու լիարժեք, այլեւ Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար Արեգ Հովհաննիսյանի առաջարկով՝ հակադոպինգային հարմարավետ կենտրոն ենք ստեղծել», – ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930