«Մուշեղը` Կարոտի մարտական ընկերը, պատմեց, որ երբ ինքը վիրավոր սողալով իջնելիս է եղել, Կարոտը նրան թիկունքով պաշտպանել է, որ վիրավոր Մուշեղը իջնի, տեղ հասնի, բայց նա այլեւս Կարոտին չի տեսել»,-«Առավոտի» հետ զրույցում (2013թ.) պատմել էր Պռոշյան գյուղի Արցախի ազգային ազատագրական շարժման հերոս Կարոտ Մկրտչյանի եղբայրը՝ Ղուկաս Մկրտչյանը:
1964 թվականին Սիրիայում ծնված եւ մեկ տարի անց Հայաստան տեղափոխված Կարոտի ընտանիքը հաստատվել է Պռոշյան գյուղում:
Ըմբշամարտիկ, մարտարվեստի գիտակ Կարոտը 1989 թվականից եղել է Պռոշյանի մարտական ջոկատների հրամանատարը: Նրա վերջին մարտը եղել է 1992 թվականի հունիսի 13-ին` Շահումյանի Ջամբազի դիրքերում: Նրա մարտական ընկերները հենց այդ վայրում էլ վերջին անգամ տեսել են Կարոտին:
Արցախյան պատերազմում անհետ կորած Կարոտ Մկրտչյանի հայրը` Հովհաննես Մկրտչյանը, որդու եւ նման հերոս տղաների մասին խոսելիս այսպես է արտահայտվել. «Կարոտից ու Կարոտի նմաններից այնքան բան եմ սովորել: Չեմ ուզում գովեստի խոսքեր ասել, կասեն՝ իր որդին է՝ գովում է, բայց էն փոքր ժամանակ էլ ոնց որ հասուն մարդ լիներ, լավ գիտեր հայրենիքի գինը: Ասեց` պիտի գնամ Ղարաբաղ ու հաղթանակած վերադառնամ: Հաղթանակը եղավ, բայց Կարոտը չվերադարձավ»:
Վերա Գրիգորյանի «Կարոտ, հեյ, Կարոտ» գրքում Հովհաննես Մկրտչյանի հուշերը Կարոտի մասին այսպիսին են. «Կարոտի սերունդը բաց չթողեց հարմար պահը, ընդունեց պատմության նետած «ձեռնոցը»: Մինչ հազարավորներ զբաղված էին հանրահավաքներում «Միացում» կանչելով, տղաներն արդեն զենք էին հայթայթում, ճիշտ ժամանակին դարձան երկրապահ ֆիդայիներ… Ամեն պատերազմում էլ լինում են զոհեր, եւ անհայտ կորածներ… Ցավոք, այդպես է: Բայց գլխավոր խնդիրը ժամանակի մարտահրավերը ժամանակին ընդունելու մեջ է: Ահա մենք արեցինք դա ու հաղթեցինք…»:
Երբ Հովhաննես Մկրտչյանին ասում են` եթե նախապես իմանայիք` հետագայում ինչ է պատահելու Կարոտին՝ Հայաստան կտեղափոխվեի՞ք, հայրը պատասխանում է. «Երբ հայրենիքը հայտնվում է վտանգի մեջ, մի՞թե հայրենասեր անձը կարող է իր համար հանգիստ ապրել ինչ-որ տեղ…Այ, Ավոն-Մոնթեն…Նա էլ հո այստեղ չէր ապրում, բայց եկավ, չէ՞, վտանգի պահին եկավ… Հետո էլ՝ ճակատագրից փախչել չես կարող, եթե նա քեզնից որոշել է խլել ինչ-որ բան` կխլի…»:
Այդ նույն գրքում հիշատակվում է նաեւ Կարոտի մարտական ընկերների հուշերը, որոնցից մեկը այսպիսին է. «Մարտակերտի ուղղությամբ որ «աշխատում» էինք, տեսանք թուրքը վիրավորվեց, գերի վերցրեցինք: Ասեմ՝ ուժեղ էլ թուրք էր: Ուզում էինք նախնիների մոտ ուղարկել նրան, Կարոտը թե` ձեռք չտաք, վիրավոր զինվորը դադարում է թշնամի լինելուց, նա գերի է: Մեզ հետ բերինք եւ անգամ բուժեցինք էդ գերուն…»:
Նրան հիշելիս ընկերներն ասում են՝ «Կարոտը հրամանատար էր` քաջ ու կրակոտ, միաժամանակ` զուսպ ու հավաք: Ծնվել էր ասես հենց հրամանատար լինելու համար»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.04.2016