Լրահոս
Օրվա լրահոսը

Որ դրական էներգիան չկորի

Ապրիլ 06,2016 09:53

Եթե որեւէ հայ սպա կացինով սպաներ քնած ադրբեջանցու, որն իր հետ սովորում էր արտասահմանում, այդ սպան հայրենիքում կարժանանար առնվազն արհամարհական վերաբերմունքի: Եթե որեւէ մեր զինծառայող պարծենար, որ սպանել է 92 տարեկան տատիկի եւ կտրել է նրա ականջները, նա Հայաստանում նողկանքից բացի՝ ոչ մի այլ զգացմունք չէր առաջացնի: Հայ զինվորը բոլորովին այլ վարքագիծ ունի. նա, վիրավոր լինելով, ուղարկում է իր ընկերներին ապահով տեղ, հետո սպասում է, որ հակառակորդի զինվորները մոտենան եւ նռնակով պայթեցնում է թե՛ իրեն եւ թե՛ հակառակորդներին: Հայ ազատամարտիկը կարող է խաղաղ վիճակում ժամերով բողոքել իր սոցիալական վիճակից եւ իրեն շրջապատող անարդարություններից, խոստանալ` «հիմա սպանես էլ, կռվի չեմ գնա», բայց ապրիլի 2-ին առավոտվանից հերթ կանգնի` ռազմաճակատ գնալու համար: Այդպիսին է մեր ժողովրդի բնավորությունը, որին ոչ մի տանկ, ոչ մի «Սմերչ» եւ ոչ մի «Սոլնցեպյոկ» չի դիմանա:

Քաղաքակրթական տարբերություններն ակնհայտ են: Եվ դրանք, ի վերջո, բախման ժամանակ մեզ առավելություն են տալիս, որովհետեւ ատելությունը, այլատյացությունը, գազանությունների արդարացումը թուլացնում են մարդուն: Իլհամ Ալիեւը, կարծում եմ, վաղ թե ուշ կանգնելու է հենց իր ժողովրդի դատարանի առաջ ոչ միայն անիմաստ զոհերի, այլեւ մոտ 15 տարի իր հասարակության մեջ ատելության կործանարար թույնը ներարկելու համար:

Իսկ ինչո՞ւ չենք կարողանում մեր ժողովրդի այդ հսկայական էներգիան օգտագործել նաեւ ներքին կյանքում: Խնդիրներից մեկը, հավանաբար, այն է, որ ոտնձգություններ կատարող հակառակորդի դեմ կռվելը մենք համարում ենք մեզ բոլորիս միավորող համաժողովրդական գործ: Ուժեղ պետություն կառուցելը այդպիսի գործ չենք համարում՝ այս հարցում մենք ապավինում ենք ինչ-որ հրաշքի՝ իբր երկնքից իջնելու է մի փրկիչ, բոլոր քարերը տեղն է դնելու, եւ այդպիսով «կառաջանա» մեր ուզած պետությունը:

Այն էներգիան, որը պատերազմի ժամանակ դարձնում է մեզ ուժեղ, խաղաղ ժամանակ ծախսվում է այդ անիմաստ սպասելիքների եւ նույնքան անիմաստ բողոքների վրա: Երբ ասում ես՝ զինվորը մենք ենք, բոլորը դրա հետ համաձայն են, բայց եթե ասես՝ պետությունը մենք ենք, շատերը կսկսեն վիճել՝ չէ, մենք չենք, եւ ցուցամատը տնկել դեպի առաստաղ: Բայց այս խնդիրը, հավանաբար, կլուծվի սերնդափոխությանը զուգահեռ եւ, իհարկե, նաեւ քարոզչությամբ. մենք կարիք ունենք ոչ այնքան հայրենասիրական դաստիարակության (այստեղ խնդիրներ չունենք), որքան պետական եւ քաղաքացիական կրթության:

Ի վերջո, ուժեղ պետությունը նաեւ անվտանգության գլխավոր երաշխիքն է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    Այսօրվա կրոնակուսակցական քարոզչության ներքո սերնդափոխությունը ոչինչ չի լուծի:
    Ճիշտ են ասում, որ պետությունը մենք (շարքային քաղաքացիներս) չենք:
    Պետությունը Նախագահն է, կառավարության անդամները, նախարարները, պատգամավորները, բանկիրները, քրեական հեղինակությունները, գերատեսչական ղեկավարները եւ այլն: Այսօր սրանք են ուժեղ եւ պետություն ու անվտանգության գլխավոր «երաշխիքը»:
    Ո՞ր պետական, քաղաքացիական կրթության մասին է խոսքը:

  2. Հ.Շ. says:

    Հայրենասիրական դաստիարակության մասին,
    ներեցէք որ ասեմ՝

    . ճիշդ է, կարելի չէ բաղդատել արտասահմանի կացութեան հետ (ուր հայոց հայրենասիրութիւնը կատարեալ անհրաժեշտութիւն է, դիմադրելու համար այլասեռման եւ ձուլումի սոսկալի հոսանքներուն դէմ),

    . սակայն այդքան ալ վստահ չլինենք թէ անոր կարիքը բնաւ չկայ, հայրենի հողի վրայ եւս

    . նկատեցի «այնքան» բառով արտայայտված չափանշային նրբութիւնը, սակայն նորէն ալ, կ’արժէ երեւոյթը ընդգծել – որովհետեւ ի սկզբանէ դուրսը ապրող հայրենասէր հային համար, բաւականին ցնցիչ է Հայրենիքի մէջ հանդիպիլ… որոշ տեսակը ազգակիցների – : Իսկ այս նիւթով, արտագաղթողների պարագան ուղղակի աղետալի է:

  3. Atshak says:

    “ուժեղ պետությունը նաեւ անվտանգության գլխավոր երաշխիքն է: ”
    այ սա ոչ թե պետք է միայն հասկանանք, այլ սա պետք է մտնի մեր արյան մեջ ու դառնա մեր ամենահիմնական գենետիկ կոդերից մեկը

    • Ruben says:

      Եթե ինչոր մեկը գնի 100 միավոր ժամանակակց ռազմական տեխնիկա եւ ցանկանա նվիրել Հայաստանին, ոչինչ չի ստացվի:
      Եթե ինչոր մեկը ցանկանա վերադառնալ Հայաստան ունենալով իր «գրպանում» $ 1 մլրդ, նպատակ ունենալով կառուցել գործարաններ, զարգացնել արդյունաբերությունը, ոչինչ չի ստացվի:
      Կարող եմ հիմնավորել իմ ասածները փաստերով եւ ապացույցներով:
      Այնպես որ, Նախաահից ու նրա թայֆից այն կողմ, Պետություն չկա:

  4. Մարատ says:

    ուժեղ եւ անվտանգություն ապահովող կարող է լինել միայն իրավական պետությունը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930