ՆԱՏՕ գլխավոր քարտուղար նորվեգացի Յենս Ստոլտենբերգը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող վերջին զարգացումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ես ոգևորված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտուց ստացված տեղեկություններից, որոնց համաձայն՝ կողմերի միջև ընդհարումները դադարեցվել են։ Կողմերին կոչ եմ անում հարգել հրադադարի ռեժիմը, զսպվածություն ցուցաբերել և կանխել իրավիճակի ցանկացած նոր սրում։
ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Կողմերը պարտավոր են վերադառնալ բանակցությունների սեղան և համանախագահների հովանու ներքո գտնել փոխզիջումային տարբերակ։ Հակամարտությունը չունի ռազմական լուծման տարբերակ»։