Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որի ընթացքում քննարկել են ԼՂՀ հակամարտության շուրջ ստեղծված վերջին զարգացումները։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը։
Հեռախոսազրույցից հետո ռուսական կողմը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել են երկու երկրների կառավարությունների ղեկավարների խոսակցության մանրամասները։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի վարչապետը լուրջ անհանգստություն է արտահայտել ԼՂՀ հակամարտության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։ ՌԴ կառավարության ղեկավարն ընգծել է, որ անհրաժեշտ է խստորեն հետևել հրադադարին և կարևորել է հնարավորինս շուտ հակամարտության քաղաքական լուծման գործընթացի վերականգնումը»։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում Մեդվեդևը հաստատել է, որ 2016թ. ապրիլի 7-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին, կմեկնի Բաքու։
Մեդվեդևի այցի ընթացքում նախատեսվում է քննարկել տնտեսական, էներգետիկ, արդյունաբերական և այլ ոլորտներին վերաբերվով երկու երկրների օրակարգում եղած մի շարք հարցեր։