Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը ջոկատներ է կազմավորել եւ գործուղել Արցախ. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 06,2016 08:43

Դաշնակցությունը ջոկատներ է կազմավորել եւ գործուղել Արցախ։ Այսօր ՀՅԴ խմբակցությունն իր ողջ կազմով պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տեսնելու, որտեղ են տեղակայվել այդ ջոկատները եւ ինչ խնդիրներ ունեն։

   Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի եւ հակառակորդին սանձելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ

 

   -Ի՞նչ պետք է անի հայկական կողմը այս իրավիճակում։

-Մենք պետք է ակտիվորեն աշխատենք միաժամանակ երկու ճակատում, առաջին հերթին՝ իհարկե, մարտի դաշտում, որովհետեւ վերջին հաշվով այնտեղ է լուծվում Ղարաբաղի հարցը։

Մեր խնդիրն է՝ առնվազն պահպանել ապրիլի 1-ի դիրքերը, իսկ եթե հակառակորդը շատ ոգեւորվի եւ փորձի իր մարտավարությունը մեզ թելադրել՝ նոր դիրքեր վերցնել։ Մինչեւ հիմա հրադադարը պահպանվել է այն պարզ պատճառով, որ իրենք վստահ չեն եղել, թե պատերազմը շարունակելու դեպքում նոր տարածքներ չեն կորցնի։

Ժամանակին ասել եմ, էլի եմ կրկնում՝ 1994թ. մենք մեծ զիջման գնացինք՝ ստորագրելով հրադադարի պայմանագիրը. պետք էր հասնել նրան, որ Ադրբեջանը կապիտուլյացիայի պայմանագիր կնքի, որովհետեւ այն ժամանակ իրենք ամբողջությամբ պարալիզացված վիճակում էին։ Մենք բարի կամք դրսեւորեցինք՝ լսելով նաեւ միջնորդներին, եւ հիմա իրենց չգիտես ինչու թվում է, թե կարող են շփման գիծը տեղաշարժել, ինչը ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ։

Մյուս ճակատը, որտեղ նույնպես լուրջ խնդիրներ ունենք լուծելու, միջազգային ատյաններում մեզ համար բարենպաստ ֆոն ստեղծելն է։ Դրա լավագույն ճանապարհը կլինի այն, որ ամբողջությամբ հավաքենք բոլոր փաստերը, հստակ ֆիքսենք եւ ի լուր աշխարհի բարձրաձայնենք՝ ով է սկսել այս պատերազմը։ Սա ոչ միայն դիվանագետների, այլեւ լրատվական դաշտի, այդ թվում՝ միջազգային մամուլի խնդիրն է։

Եթե այդ ֆոնը ունենանք, կունենանք իրականությանը ավելի համարժեք քննարկումներ միջազգային ատյաններում, որոնք սպասվում են առաջիկայում։ Անգամ չեմ բացառում, որ ԵԽ ԽՎ-ում նորից անդրադարձ արվի այս խնդրին, որովհետեւ այն, ինչ կատարվում է, հրատապ հարցերի շրջանակներում է, եւ այդ առումով, չափազանց կարեւոր է միջազգային կառույցներում հստակ ամրագրել՝ հարձակումը սկսել է Ադրբեջանը։

-Արցախահայության դեմ զանգվածային ոչնչացման միջոցների կիրառման հանդեպ միջազգային հանրության արձագանքը հիմք տալի՞ս է լավատես լինելու այդ հարցում։

-Մեր գնահատմամբ՝ միջազգային արձագանքը բավական պասիվ է. այս անորոշ, անհասցե հայտարարությունները ոչ մի լավ տեղ չեն տանում։ Պետք է փաստվի, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, եւ դրան պետք է հետեւեն կոնկրետ գործողություններ ագրեսորին սանձելու ուղղությամբ։ Միջազգային պրակտիկայում դրա նախադեպերը կան։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930