Ապրիլի 5-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի (ՊԲ) օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը ԼՂՀ ՊԲ օպերատիվ իրազեկման կենտրոնում հանդիպել է լրագրողների հետ՝ տեղեկացնելով, որ այդ պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 29 զոհ, 28 անհետ կորած և 101 վիրավոր:
Վիկտոր Առուստամյանը ներկայացրել է նաև վախեցած մի ադրբեջանուհու հեռախոսազրույց:
Իսկ լրագրողների հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.
-Պարո´ն Առուստամյան, այսօր 12:00-ից հետո, այսինքն՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հրադադարի մասին, կարելի՞ է արդոք ասել, որ կողմերը հետևել են այդ պայմանավորվածությանը։ Ի՞նչ է տեղի ունեցել այդ ժամից հետո։
Կարդացեք նաև
-Կան ուղղություններ, որտեղ հակառակորդը շարունակել է ռազմական գործողությունները, բայց ոչ այն ինտենսիվությամբ, ինչ մինչև ժամը տասներկուսը։ Հնարավոր չէ Պաշտպանության բանակի հրամանները չկատարել։
-Կարելի՞ է ասել, որ ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ նվազել էր։
-Ավելի քան։
-Դուք երեկ ասացիք, որ 8 ռազմական հենակետեր (5-ը ներքևում՝ Արաքսի ափին, մյուսները՝ վերևում՝ Թալիշ-Մատաղիս հատվածում), ադրբեջանական վերահսկողության տակ են։ Ասացեք խնդրեմ՝ այս ընթացքում ստատուս քվոյի փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, այսինքն՝ փոխվե՞լ է որևէ դիրք, կարողացե՞լ է արդյոք Պաշպանության բանակը վերցնել, թե ոչ։
-Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հակագրոհների անցկացման արդյունքում նախկինում եղած իրադրությունը վերականգնվել է, կրկին կազմավորվել է բանակի ստորաբաժանումների դիրքերի, հենակետերի համակարգ։ Որպես այդպիսին՝ հենակետ, դիրք, շրջան հասկացություն հակառակորդի մոտ չկա։
-Պարո´ն գնդապետ, անհետ կորածներից որևէ նորություն կա՞։
-Անհետ կորածների թիվը ներկա դրությամբ աճել է մինչև 28:
-Քաղաքացիակա՞ն անձինք են նրանք, թե՞ զինծառայողներ։
-Զինծառայողներ։
Պատրաստեց Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ