Գրականագետ, թարգմանիչ Կարլեն Մատինյանը՝
թարգմանության նրբությունների մասին
Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով 2015թ. ապրիլի 24-ի նախօրեին հայ ընթերցողին ներկայացվեց գերմանացիների նախաձեռնությամբ ու աջակցությամբ Գերմանիայում հրատարակված «Հողը կխոսի» ժողովածուն: Այստեղ տեղ էին գտել արեւմտահայ եղեռնազոհ գրողների, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի եւ մյուսների գործերը՝ թարգմանված գերմաներեն: Թարգմանությունների հեղինակներն էին Կարինե Հովհաննիսյանը, Ելենա Էթարյանը, Գայանե Գինոյանը, Կարլեն Մատինյանը (լուսանկարում), Հրաչյա Ստեփանյանը եւ ուրիշներ:
Օրերս Երեւանում տեղի ունեցավ նույն՝ «Հողը կխոսի» ժողովածուի շնորհանդեսը, դարձյալ գերմաներեն, մեկ տարբերությամբ՝ այս ժողովածուում տեղ էին գտել գերմանաբնակ հայ թարգմանիչների գործերը եւս:
«Առավոտը» զրույցի հրավիրեց գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարլեն Մատինյանին: Նա ընթերցասերներին հայտնի է վերջին շրջանում հայերեն թարգմանությամբ հրատարակված գերմանալեզու գրական գլուխգործոցներով, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ Գյունթեր Գրասսի «Թիթեղյա թմբուկը», Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին», Պատրիկ Զյուզքինդի «Օծանելիք» վեպերի, ինչպես նաեւ Պետեր Հանդկեի չորս վիպակներն ընդգրկող «Դանդաղ վերադարձ տուն» ժողովածուով: Երբ գրական աշխարհում խոսվում է թարգմանիչների մասին, անպայման հնչում է Կարլեն Մատինյան անունը ու ասվում, որ նա ամենաբեղմնավոր թարգմանիչն է: Այս առիթով կատակով հնչեցրած հարցին, թե թարգմանչական արվեստում նման արագությունից քիչ է մնում ենթադրել, որ օգտվում եք google- ի թարգմանչից եւ արդյոք աշխատանքի նման տեմպը չի՞ ազդում որակի վրա, մեր զրուցակիցը նախ նշեց, թե պատրաստում է տպագրության Լութս Զայլերի «Կրուզո» վեպը, այս պահին էլ աշխատում է Մաքս Ֆրիշի հայտնի «Հոմո ֆաբեր» վեպի թարգմանության վրա, հետո էլ պատասխանեց. «Հարցը երկակի պատասխան կարող է ունենալ, առաջինը՝ որքան շատ ես թարգմանում, այնքան հմտանում ես, աստիճանաբար կատարելագործվում, ի վերջո՝ հղկվում: Մյուս կողմից՝ միշտ կարծես վտանգ կա, այն է՝ արվեստը չվերածել արհեստի»:
Կարդացեք նաև
Խոսելով թարգմանչական արվեստի մասին, մեր զրուցակիցը հայտնեց հետեւյալը. «Թարգմանիչների մոտ ընդհանրապես մի խնդիր կա, մի հարց, որը մշտապես բանավեճի առարկա է դառնում: Մենք ունենք թարգմանիչների միավորում, որտեղ քննարկում ենք հենց թարգմանչական արվեստին վերաբերող ցանկացած խնդիր, կիսվում փորձով եւ, որ ամենակարեւորն է՝ հավատացնում եմ, մեզնից յուրաքանչյուրը սպասում է իր կոլեգայից լսել քննադատական խոսք: Չեմ թաքցնում՝ գովեստի խոսքերը, բնականաբար, շոյող են, բայց միեւնույն ժամանակ՝ վտանգավոր. այն կարող է թարգմանչի մոտ էյֆորիա առաջացնել: Թարգմանչաց արվեստը, ինչպես եւ գրականությունը, կենդանի օրգանիզմ է, որը միշտ գտնվում է զարգացման մեջ»: Թարգմանական գրականության շուրջ մշտապես կարծիքներ են հնչում, ասենք՝ թարգմանիչը հարազատ է մնացել բնօրինակին կամ «շեղվել» է: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, կա՞ մի սահման, որը թույլատրում է թարգմանչին, ասենք, հարազատ չմնալ բնագրին: Կարլեն Մատինյանը պատասխանեց. «Ռուս թարգմանիչներն, օրինակ, աշխարհին հայտնի են որպես թարգմանության ազատ ոճի կողմնակիցներ: Նրանք համարյա համահեղինակ են դառնում: Կարող եմ այսպես ասել՝ եւ ավելացնել, եւ պակասեցնել: Հայ թարգմանիչներս դրա 5-10 տոկոսի սահմանը չենք անցնում, սա թույլատրելի սահման է աշխարհում կամ աշխատում ենք մոտ լինել Թարգմանիչների միջազգային խարտիայի պահանջներին, այսինքն՝ առավելագույնս մոտ գտնվել բնագրին՝ եւ տառին, եւ ոգուն»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ տասը տարուց ավելի է, որ հայաստանցի թարգմանիչները ստեղծագործական կապի մեջ են Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի գրողների եւ գրականագետների հետ: Վերջիններիս հրավերով քանիցս եղել են Գերմանիայում: Փոխադարձ այցով Երեւան են այցելել իրենց կոլեգաները, այստեղ անցկացվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ գիտաժողովներ, որտեղ քննարկվել են գրականության եւ գրականագիտության խնդիրները: «Գերմանիայում կան հրաշալի հայագետներ, օրինակ՝ Հալլե-Վիթենբերգ համալսարանում, որոնց ղեկավարում է պրոֆեսոր Գոլցը, Մյունխենի, Բեռլինի համալսարաններում էլ են գործում հայագիտական բաժանմունքներ: Ուրախալի է Գերմանիայում հանդիպել մեր գործընկերներին, որոնք, ի դեպ, նախընտրում են շփվել հենց հայաստանցի իրենց գործընկերների եւ Գերմանիայում ապրող մեր հայրենակիցների հետ»,- հայտնեց Կարլեն Մատինյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.04.2016