Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիոն ռիսկ կամ կոծկում չկա»

Ապրիլ 06,2016 12:00

Չայկովսկու անվան դպրոցի տնօրենը պատասխանել է «Առավոտի» հարցերին

«Առավոտն» անդրադարձել է «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրին, որն այդպես էլ չկառուցվեց՝ չնայած դրա անհրաժեշտության մասին մշակույթի նախարարության ժամանակին հնչեցրած գեղեցիկ հիմնավորումներին: Այդ պատմության գլխավոր դերակատարներից մեկի՝ «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը հրաժարվել էր բանավոր մեկնաբանություն անել, թե ինչու այդպես էլ իրականություն չդարձավ «Գրքի աշխարհը», որի համար իրենց ընկերությանը տարածք էր տրամադրվել Երեւանի սրտում: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ ամեն գնով նախագիծը «համահնչեցրել» էր Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու հետ: «Սոխոսենթր» ընկերության առաջին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, որն այժմ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենն է, ի պատասխան մեր ներկայացրած հարցադրումների՝ ասել էր, որ դրանք փոխկապակցված են եւ վերաբերում են «Սոխոսենթրի» ընթացիկ գործունեությանը, որի հետ ինքը այս պահին ոչ մի առնչություն չունի, ուստի եւ կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերին պատասխանելու իրավասություն չունի:

Աղմկոտ պատմության համատեքստում շրջանառվում էր նաեւ Նիկոլայ Կոստանդյանի եղբոր՝ Մարտուն Կոստանդյանի (լուսանկարում) անունը, որը Չայկովսկու անվան դպրոցի տնօրենն է: Օրերս պարոն Կոստանդյանը պատասխանել է «Առավոտի» հարցերին:

Մեր հարցերից մեկին՝ ինչո՞վ է բացատրում նույն գործարքում իր եւ եղբոր ներգրավվելը՝ խոսքը «Գրքի աշխարհի» պատմության մասին է, Մարտուն Կոստանդյանը պատասխանեց. «Ես եւ իմ եղբայրը որեւէ գործարքում ներգրավված չենք: Որպես դպրոցի տնօրեն ես կատարում եմ իմ պարտավորությունները՝ ապահովելով դպրոցի բնականոն գործունեությունն ու սաների մասնագիտական ունակությունների զարգացման համար համապատասխան պայմանների ստեղծումը»:

Իսկ ինչո՞ւ Պ. Չայկովսկու անվան դպրոցի համար կատարված աշխատանքները չեն դրվել մրցույթի, եւ դրանք փաստացի մեկ անձից կատարվող գնում են եղել: Ի պատասխան այս հարցի՝ Չայկովսկու դպրոցի տնօրենը պատասխանել է. «Մրցույթի կամ մեկ անձից գնման մասին խոսք լինել չէր կարող, քանի որ «Սոխոսենթր» ՍՊԸ-ն իր միջոցների հաշվին է իրականացրել դպրոցի համար նախատեսված աշխատանքները»:

Մեր մյուս հարցի առնչությամբ, որ կառավարության որոշմամբ, «Սոխոսենթրը» պարտավոր էր Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համար կառուցել համերգային դահլիճ եւ կաթսայատուն, ինչո՞ւ դա հետագայում փոխարինվեց դպրոցի համար երաժշտական գործիքներ ձեռք բերելով, Մարտուն Կոստանդյանը նշեց. «ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ դպրոցի նոր կաթսայատունը կառուցվել է, իսկ նոր համերգային դահլիճի կառուցումը, մեր եւ նախարարության քննարկումների արդյունքում, ՀՀ կառավարության որոշմամբ փոխարինվել է դպրոցի համար առավել հրատապ՝ հիմնանորոգման (դասասենյակների, տանիքի, 2 դահլիճների, մարզադահլիճի) աշխատանքներով: ՀՀ կառավարության որոշման մեջ վերոհիշյալ փոփոխությունը կատարվելուց հետո պարզվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հաստատվել է դպրոցի հիմնանորոգման լայնածավալ ծրագիր, որը ներառում էր դպրոցի շենքի հիմքերի ուժեղացման, վերակառուցման, հիմնանորոգման եւ դպրոցական գույքի ձեռքբերման աշխատանքներ: Այսպիսով, հիմնադրամի ծրագրով` լուծում էր տրվում դպրոցի շենքի ամբողջական կապիտալ վերանորոգման եւ կրթական գործընթացը ժամանակակից պայմաններին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Այդ ծրագրով չէր նախատեսվում միայն երաժշտական գործիքների համալրումը: Այս հանգամանքից ելնելով էլ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները փոխարինվեցին անհրաժեշտ եւ որակյալ երաժշտական գործիքների ձեռքբերմամբ: Մեկ անգամ եւս ուզում ենք նշել, որ Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը հանրապետությունում միակ երաժշտական կրթօջախն է, որտեղ երեխաները ստանում են միջնակարգ հանրակրթական եւ մասնագիտական երաժշտական կրթություն: Ուստի, բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ երաժշտական գործիքների ձեռքբերումը կապահովի դպրոցի սաների հավասար մրցակցային պայմանները` արտերկրում անցկացվող հեղինակավոր մրցույթներին, ստուգատեսներին, համերգային ծրագրերին»:
Ինչ վերաբերում է իր՝ մշակույթի նախարարության կողմից հովանավորված լինելուն, Կոստանդյանը հայտնեց. «ՀՀ մշակույթի նախարարությունը շահագրգիռ է այնքանով, որ իր ենթակայությամբ գործող կազմակերպության խնդիրներին` շատ կարճ ժամանակահատվածում, ամբողջական լուծում տրվեց»:

Նա նաեւ հերքում է, թե այս պատմության մեջ կոռուպցիոն ռիսկ կամ որեւէ կոծկում կա:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930