Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մովսես Գորգիսյան. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»

Ապրիլ 06,2016 11:30

«Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն՝ որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլեւս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»: Այսպիսի գաղափարախոսությամբ էր օժտված 90-ականների հերոսներից Մովսես Գորգիսյանը: Պատահական չէր, որ նման ոգով օժտված 28-ամյա երիտասարդը, որն ավարտել էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը, ստեղծեց «Անկախության բանակ» ջոկատը, զինվորի համազգեստ հագավ, զենք վերցրեց եւ մեկնեց ռազմաճակատ: Իր ջոկատով նա ընդամենը մեկ օր մարտնչեց թշնամու դեմ` զոհվեց հունվարի 19-ին՝ Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996-ի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման:

Movses_Gorgisyan-2

Նրա մարտական ոգին մեծ է եղել եւ գեներով փոխանցված: Հերոսի պապերը սերել են Արեւմտյան Հայաստանից, Բիթլիսի վիլայեթի Սղերդ սանջակի կենտրոնից: Մովսես Գորգիսյանի պապը` Սամվել Գորգիսյանը, կամ ինչպես նրան էին կոչում` Սամի Չաուշը, 1915թ. թուրքական կառավարության կազմակերպած բռնի տեղահանությունից ու ջարդերից տուժած, թողեց խաղաղ աշխատանքն ու դարձավ պայքարի մարտիկ, բազում վճռորոշ մարտերի, այդ թվում նաեւ՝ Սարդարապատի ճակատամարտի մասնակից: Պատմում են, որ թուրք եղեռնագործների ձեռքից մոտ հարյուր աղջիկ է ազատել, որոնցից վերջինին՝ Վերոնիկային, բախտ է վիճակվել դառնալ նրա կինը՝ Մովսեսի տատը: Փոքր տարիքից Սամվելը Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում էր եւ ուխտել էր ծառայել հայությանը եւ Հայաստանի ազատագրական արդար դատին: Առանց բացառության մասնակցում էր ընդհանուր ժողովներին՝ վարելով խմբապետի պաշտոնը:
«Հայն իր ազգությունն է ուզում պահպանել, իր տեսակը, իր դիմագիծը: Այդ կեցվածքը ազգի գոյության ու գենի պահպանման հավերժացումն է: Գոյության միակ երաշխիքը ազատությունն է», այս կամ մի շարք այլ գաղափարական մտքեր` «Երկխոսության գնալ բռնատիրական իշխանության հետ, նշանակում է կորցնել մեր ազգային դեմքը, մեր եսը, մեր որպիսությունը», այսօր էլ դարձել են շատ հայ երիտասարդներին ոգեւորող մտքեր: Եվ այն, որ նա տարիներ առաջ մտածել եւ արտահայտել է՝ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», եկել եւ իր նոր հերոսներն է դասում մինչ այսօր ունեցած հերոսների շարքը եւ ցույց տալիս հայի անկոտրում խոսքն ու գործը:

«Առավոտ» օրաթերթ
05.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930