«Վերջին չորս օրերին հեռուստատեսային ծրագրերից չի երևում, որ Հայաստանում հայ ժողովուրդը սգում է իր զավակների կորուստը»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն արտահայտեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Սովորաբար, նույնիսկ մի քանի զոհ ունենալու դեպքում, եթե սուգ չի հայտարարվում մեր երկրի նման երկրներում, գոնե հնչում է դասական, հոգևոր երաժշտություն: Դրանով ցույց են տալիս, որ հարգում են այն մարդկանց, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Դա հարգանքի տուրք է: Ես ասում եմ, որ մենք չենք սգացել»,- ընդգծեց Ա. Արշակյանը:
Նրա խոսքով՝ ժամանցային ծրագրերը պետք է փոխարինվեին իրավիճակին համապատասխան հաղորդումներով. «Լինեին համերաշխության, սգի, կորստի կամ մարտական ու պայքարի: Կռվող, պատերազմի մեջ գտնվող երկիրը, որի զինվորները ռազմաճակատում զոհվում են… նրանց հարազատները… Ես, օրինակ, զինվորի հայր եմ: Ինձ համար անտանելի էր, երբ ես դրանք միացնում էի: Իմ սրտով չէր, Հայաստանի հեռուստատեսությունն իմ սրտով չի գնացել: Դա որպես զինվորի հայր եմ ասում: Ես այդ սիրտը չունեի: Ինձ համար վիրավորական է, որ իմ հայրենիքը կռվում է, սրանք քեֆ են անում»,- ավարտեց մեր զրուցակիցը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ