Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված մայոր. «Ես պետք է դառնամ զինվորական` հայրենիքը մեզ է սպասում»

Ապրիլ 05,2016 22:40

«Ուտող-խմող, ուրախ տղա էր: Վերջին անգամ որ հանդիպել ենք, թոռներիս կնունքին էր, որտեղ բաժակ ենք բարձրացել եւ խմել իր ասելով` էս մեկն էլ խմենք սահմանապահների կենացը, ինքը սահմանապահ էր` սա իր սիրած կենացն էր»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմում էր ՀՀՍ ծառայության պետ, մայոր Հայկ Թորոյանի մորաքրոջ ամուսինը:

Հայկ Թորոյանն օրերս զոհվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ: Պատմում են, որ զոհվել է Մատաղիսը պաշտպանելիս. «Գիշերը ժամը 03:00-ին կրակոցներից արթնացել են, նստել են մեքենաները, որ արագ հասնեն դեպի դիրքեր ու էլ մնացածը չեն ասում, թե ինչ է կատարվել»,-մեզ հետ զրույցում պատմում էր նրա հարազատներից մեկը` ավելացնելով, որ իսկապես կորցրել են ոչ միայն սիրունատես եւ լավ տղայի, բարեկամի, այլ նաեւ հայրենասեր մի հայորդու, որը կյանքը ծառայությամբ, հայրենիքը պաշտպանելով էր պատկերացնում:

«Շատ հայրենասեր տղա էր, 8-րդ դասարանը ավարտեց, ասեց` ես պետք է դառնամ զինվորական` հայրենիքը մեզ է սպասում եւ գնաց ընդունվեց «Մոնթե Մելքոնյան», այդ ժամանակ էլ նոր էր բացվել, Հայկը առաջին ընդունվողներից էր»,-պատմում է նրա հարազատներից մեկը: Նրա խոսքերով՝ Հայկը ընդունվելուց հետո է եկել մորը աչքալուսանք տվել` բա ես ընդունվել եմ. «Գերազանց ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պենզայում: 5 տարի սովորելուց հետո գերազանց դիպլոմով ավարտեց, որից հետո այստեղ նշանակեցին, հետո Ղարաբաղ, ու առաջին օրվանից մինչեւ հիմա դիրքերում մարդը աշխատեց մինչեւ վերջ` որպես հայրենիքի զինվոր»:

Նրա բարեկամը նաեւ հիշում էր Հայկի այն խոսքերը, որ ասում էր`«Ամառը կգամ, կնշանվեմ, հարսանիք կանենք», բայց…

Բարեկամի խոսքերով Հայկը իրենից մեծ քույր ունի, նա էլ ապրում է Ռուսաստանում:

Վաղը ժամը 18:00-ին Մալաթիա-Սեբաստիայի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա մայորի հոգեհանգիստը:

Իսկ այսօր կրտսեր սերժանտ Ռուբեն Իսկանդարյանի հոգեհանգիստն էր: Նրա ծառայությանը մնացել էր 3 ամիս, հարեւանները մեծ ափսոսանքով էին խոսում նրա մասին` խելացի, համեստ տղա էր: «Փոքր եղբայր ունի, հայրն ու մայրն էլ ինտելիգենտ, հանգիստ մարդիկ էին: Ռուբենին բակում հազարից մեկ կարող էիր տեսնել»,-մեր հետ զրույցում պատմում էր նրա հարեւաններից տիկին Անահիտը:

Վաղը տեղի կունենա Ռուբեն Իսկանդարյանի հուղարկավորությունը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930