Ապրիլի 5-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 29 զոհ, 28 անհայտ կորած և 101 վիրավոր:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ԼՂՀ ՊԲ օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:
Խոսելով հակառակորդի կենդանի կորուստների մասին՝ ՊԲ ներկայացուցիչը նշեց, որ մեր հետախուզությանը հաջողվել է ձեռքբերել ադրբեջանցիների խոսակցության մի ձայնագրություն, որում հավաստվում է, որ ադրբեջանական կողմը ունի ավելի քան 2000 կորուստ (զոհեր և վիրավորներ):
ՊԲ օպերատիվ բաժնի պետի խոսքով, վերջին տվյալների համաձայն, այս օրերի ընթացքում թշնամու զինուժի կորցրած տանկերի թիվը հասել է 24-ի, ոչնչացվել է նաև 5 զրահատեխնիկայի այլ միջոցներ: Այս առումով հայկական կողմն, ըստ ՊԲ բարձրաստիճան սպայի, ունեցել է 14 կորուստ:
Կարդացեք նաև
Հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից այս ընթացքում հաջողվել է խոցել թշնամու 12 անօդաչու թռչող սարք:
«Այս պահի դրությամբ թշնամու վերահսկողության տակ ՊԲ հենակետեր չկան»,- ասաց Վիկտոր Առուստամյանը:
Նշենք, որ հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այսօր ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ կանոնավոր և օբյեկտիվ տեղեկատվություն: