Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանում սկսված պատերազմական գործողությունների վերաբերյալ փակ քննարկումը:
Հիշեցնենք, որ քննարկմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո, Դավիթ Տոնոյանը եւ Շավարշ Քոչարյանը այլ մուտքով դուրս եկան նիստերի դահլիճից`խուսափելով լրագրողների հետ հանդիպումից: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ հնչել է 45 հարց: Նա ասաց, որ պատգամավորները սպառիչ պատասխաններ են ստացել:
«Մեր դիվանագիտությունն ամեն ինչ անում է, որ երկու ոլորտներում էլ կարողանանք արձանագրել հաջողություններ»,- ասաց նա վերահաստատելով պաշտոնական Երեւանի դիրքորոշումը`Հայաստանը խաղաղ կարգավորման կողմնակից է եւ դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Մյուս շաբաթվանից խորհրդարանական տարբեր պատվիրակություններ արդեն կմասնակցեն տարբեր վեհաժողովների աշխատանքներին: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս քննարկումից հետո մեր պատգամավորներն առավել արդյունավետ կաշխատեն:
Կարդացեք նաև
«Ամեն ինչ լինելու է շատ հզոր, մենք ոգեւորված ենք»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` ի վերջո հայտնի չդարձավ, արդյոք, ադրբեջանական կողմի ձեռքում հայկական հենակետեր կան: Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք նման հարց չենք քննարկվել»: Հարցերին` զինադադարի մասին ի՞նչ համաձայնություն կա, հրադադարի շուրջ քննարկումներ կամ բանակցություններ ընթանո՞ւմ են, պատասխանեց. «Զինադադարի հետ կապված այս պահին մենք տեղեկություն չունենք: Զինադադարը 1994 թվականին կնքվել է: Հիմա, միգուցե, հարաբերական անդորր է կամ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ չկրակեն: Սա այլ բան է»:
Պատգամավորները քննարկման ընթացքում են տեղեկացել, որ Մինսկի խումբն է հայտարարություն արել, ՌԴ նախագահ Պուտինն է խոսել Ալիեւի եւ Սարգսյանի հետ: Այդ առիթով մեկնաբանություններ չհնչեցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ